ադրբեջանն օդային ղեկավարումը հանձնեց թուրքիայի ռազմաօդային ուժերին. ՀՀ ՊՆ

ադրբեջանն օդային ղեկավարումը հանձնեց թուրքիայի ռազմաօդային ուժերին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»,- գրել է Ստեփանյանը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար:

wp-apeth