ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր  գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:

Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում:

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգնեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը:

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝  ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասաց պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու:

«Իմ քայլից»ց Սոֆիա Հովսեփյանը շեշտեց, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասաց նա:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշեց նա:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշեց պատգամավորը:

ԱԺ հայտարարությամբ պատգամավորները, մասնավորապես, շեշտել են, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: ՀՀ ազգային ժողովը վերահաստատել է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը:

wp-apeth