Յան Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար

Յան Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար

Կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին տրամադրել բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն: Ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի ձևավորված արժեքի վերաբերյալ տվյալները: Անհրաժեշտ գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: Որոշմամբ կարգավորվել են այդ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարցերը, ընթացակարգերը՝ դիմումների ներկայացումից մինչև վճարում, մշակվել են նաև համապատասխան դիմումների, մատյանի և աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ պետք է պարզել շենքի փլուզման պատճառները: «Ըստ էության, այս վնասների հատուցման պոտենցիալ պահանջն ում նկատմամբ է ներկայացվելու: Ես որքան հասկանում եմ՝ սա կամ պետք է լինի շահագործման կանոնների խախտում, կամ որևէ այլ հանգամանք: Այնուամենայնիվ, պատճառները պետք է քննարկենք, հետևանքները հասկանանք, որովհետև այս ծախսն ինչ-որ ձևով պետք է արձանագրվի որպես պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,— ասել է փոխվարչապետը:

«Այդ հանգամանքը հաշվի առնված է: Քննությունը պետք է պարզի, թե ինչ հարաբերություններ են առաջանում: Բայց այստեղ կարևոր է, որ մենք, անկախ քննության արդյունքներից, արագ՝ դեպքից մեկ ամիս չանցած, արձագանքում ենք, խնդրին լուծում ենք տալիս»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Նշվել է նաև, որ անօթևան ընտանիքներն այս ընթացքում կառավարության աջակցությամբ բնակվում են վարձով:

wp-apeth