Բուքմեյքերական գրասենյակները գործունեություն կծավալեն կրթական, պատմամշակութային օջախներից հեռու

Բուքմեյքերական գրասենյակները գործունեություն կծավալեն կրթական, պատմամշակութային օջախներից հեռու

Կառավարությունը hաստատել է «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները:

2020թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով նման գործունեություն կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն:

Ուսումնասիրվել է միջազգային փորձը և մշակվել է համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով ՀՀ առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝ խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Այսպիսով՝ բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը, մասնավորապես՝ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ՝ ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում՝ ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

wp-apeth