Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք. Գ.Ավետիսյան

Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք. Գ.Ավետիսյան

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Անկախ Հայաստանի համար դա նոր գործունեություն է, առաջին քայլերն են արվում և բնական է, որ սպանդանոցներ կառուցող գործարարների համար արհեստավարժ անասնաբույժ-փորձագետներ գտնելու, վարձելու ու որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրն առաջնահերթություն է:

Խնդրի լուծման նպատակով՝ մեկտեղվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջանքերը, որոնց ակտիվ համագործակցությամբ կազմակերպվել է սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց: Այն մեկնարկել էր հունիսի 8-ին և ավարտվել օգոստոսի 25-ին՝ ներառելով սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ և հմտություններ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման մասին։

Վերջին շաբաթվա ընթացքում, սպանդանոցներում և լաբորատորիաներում անցկացված պրակտիկայի միջոցով, յուրացված գիտելիքներն ավելի ամրապնդվել են: Այսօր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավաստագրեր են հանձնել դասընթացների 123 մասնակցներից թեստավորման փուլը բարեհաջող հաղթահարած 67 անասնաբույժ-փորձագետի:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին եռակողմ համագործակցության արդյունքում արձանագրված տպավորիչ արդյունքի համար՝ Գեորգի Ավետիսյանը դիմել է դասընթացի մասնակիցներին,- «Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք և մենք համագործակցելու ենք որպես հավասար գործընկերներ՝ անելով ամեն ինչ, որ ՍԱՏՄ-ն ստիպված չլինի իրականացնել իրեն վերապահված վարչական պատասխանատվության տեսչական գործառույթը անասնաբույժների ու սպանդանոցների նկատմամբ»:

Վարդան Ուռուտյանի խոսքերով՝ այս դասընթացը հնարավորություն էր նաև վերաարժեքավորելու որոշակի գործընթացներ, կրթվել, վերապատրաստվել, սա համարել մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու սկիզբ միայն: Նա նաև հավաստիացրել է, որ Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի բոլոր մասնագետները պատրաստակամ են ցանկացած պահի օգնելու մասնագիտական համապատասխան խորհրդատվությամբ:

Մկրտիչ Այվազյանը նշել է, որ Ռազմավարական զարգացման գործակալությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել անասնաբուժությանն ու արդեն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է ՍԱՏՄ-ի հետ: Նա վստահեցրել է, որ նաև ՀԱԱՀ-ի հետ այս արդյունավետ եռակողմ և հետագա բազմակողմ համագործակցային ֆորմատները թույլ կտան արձանագրել նոր դրական առաջընթաց և ոլորտի զարգացում:

Տեղեկացում. Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տրամադրած առցանց ուսուցման «Մուդլ» համակարգի շնորհիվ։

wp-apeth