31 մեդալ՝ 30 տարում. Մարզական Շիրակի հաղթական ուղին և ապագան

31 մեդալ՝ 30 տարում. Մարզական Շիրակի հաղթական ուղին և ապագան

Ըմբշամարտի դասական ոճով Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում շատ են հետաքրքրված, ինչն առաջին հերթին պայմանավորված է մարզիկների գրանցած արդյունքներով միջազգային հարթակներում: Բավական է նշել՝ անկախ Հայաստանի պատմության օլիմպիական ոսկիներից երկուսը նվաճել են շիրակցի հունահռոմեական ոճի ըմբիշները:

Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում,  Եվրոպական մարզական խաղերում և համաշխարհային ունիվերսիադաներում Շիրակի մարզը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները սկսած 1992 թվականից (Հայաստանի դրոշի ներքո) ընդհանուր հաշվով նվաճել են 31 մեդալ՝ 15 ոսկի, 10 արծաթ և 6 բրոնզ:

Օլիմպիական խաղեր (1992-2020)

Անկախ Հայաստանի պատմության մեջ շիրակցի առաջին ըմբիշը, որը ոսկի է բերել Օլիմպիական խաղերից՝ Մնացական Իսկանդարյանն է: Գյումրեցի մարզիկը հաջողության հասել է 1992 թվականին Բարսելոնայում: Դրանից 24 տարի անց՝ 2016 թվականին Ռիոյի խաղերում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը: Վերջինս մինչև բաղձալի տիտղոսին արժանանալը հասցրել էր բրոնզ նվաճել 2012 թվականի Լոնդոնի խաղերում:

Աշխարհի առաջնություններ (1992-2020)

Չորս ըմբիշի է հաջողվել նշված ժամանակահատվածում մեդալ նվաճել: Այստեղ նույնպես մրցակցությունից դուրս է Արթուր Ալեքսանյանը: Նա Աշխարհի եռակի չեմպիոն է (Տաշկենտ 2014, Լաս-Վեգաս 2015, Փարիզ 2017), կրկնակի փոխչեմպիոն (Բուդապեշտ 2013, Նուր-Սուլթան 2019): Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև Աղասի Մանուկյանը (Ստոկհոլմ 1993), Վահան Ջուհարյանը մեկ անգամ արժանացել է արծաթե մեդալի (Վրոցլավ 1997), մեկ բրոնզ ունի իր ակտիվում Մխիթար Մանուկյանը (Պրահա 1995):

Եվրոպայի առաջնություններ (1992-2020)

Ութ ըմբիշի է հաջողվել նշված ժամանակահատվածում մեդալ նվաճել: Շիրակցիներն ընդհանուր հաշվով նվաճել են 17 մեդալ, որից 8-ը՝ Արթուր Ալեքսանյանը: 28-ամյա մարզիկը հինգ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (Բելգրադ 2012, Թբիլիսի 2013, Վանտաա 2014, Կասպիյսկ 2018, Հռոմ 2020), երկու անգամ բավարարվել է արծաթով (Դորտմունդ 2011, Ռիգա 2016), մեկ անգամ՝ բրոնզով (Նովի-Սադ 2017): Մայրացամաքի լավագույն կոչմանն են արժանացել նաև Մնացական Իսկանդարյանը (Կոպենհագեն 1992), Վահան Ջուհարյանն (Հապարանդա 2004) ու Վարշամ Բորանյանը (Ռիգա 2016): Երկու անգամ արծաթ է նվաճել Աղասի Մանուկյանը (Աթենք 1994, Բեզանսոն 1995), մեկ անգամ՝ Լևոն Գեղամյանը (Բելգրադ 2003): Բրոնզե մեդալակիրներն են Մխիթար Մանուկյանն (Բուդապեշտ 1996)  ու Կարապետ Չալյանը (Ռիգա 2016, Հռոմ 2020):

Եվրոպական խաղեր (1992-2020)

2019 թվականի Մինսկի խաղերից շիրակցի ըմբիշները վերադարձան երկու մեդալով: Չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Ալեքսանյանը, արծաթով բավարարվեց Կարապետ Չալյանը:

Համաշխարհային ունիվերսիադա (1992-2020)

2013 թվականին Կազանում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ:

Ամենատիտղոսակիրները

Եթե հաշվի առնեինք նաև շիրակցի ըմբիշների բոլոր հաջողությունները խոշոր մրցաշարերում, որոնց նրանք հասել են այլ երկրի դրոշի ներքո, ապա պատկերը գուցե այլ լիներ, սակայն ներկա պահին Արթուր Ալեքսանյանը նվաճած մեդալների քանակով հավասարը չունի: Բավական է նշել, որ 1992 թվականից սկսած շիրակցիների կողմից նվաճված 31 մեդալից 17-ը պատկանում են Արթուր Ալեքսանյանին՝ 10 ոսկի, 5 արծաթ և 2 բրոնզ: Կարիերայի ընթացքում Մնացական Իսկանդարյանի նվաճած մեդալները շատ են, սակայն 1992 թվականից սկսած Հայաստանի դրոշի ներքո գյումրեցի մարզիկը նվաճել է ընդամենը երկու մեդալ՝ Օլիմպիական ոսկին ու Եվրոպայի առաջնության ոսկին: Երեքական մեդալ ունեն իրենց ակտիվում Աղասի Մանուկյանն ու Կարապետ Չալյանը: Բացի Իսկանդարյանից երկուական մեդալ են նվաճել նաև Մխիթար Մանուկյանն ու Վահան Ջուհարյանը: Մեկական անգամ աչքի են ընկել Լևոն Գեղամյանն ու Վարշամ Բորանյանը:

Կարիերան ավարտելուց հետո

Յուրի Կարապետյանի սան Մխիթար Մանուկյանը ներկա պահին Ամերիկայի Միացյալ Նահագներում է, իսկ Հրաչ վարդանյանի սան Վահան Ջուհարյանը՝ Շվեդիայում:

Մնացել են սպորտում

Կորյուն Մովսեսյանի սան Մնացական Իսկանդարյանը կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի և ներկա պահին գործունեություն է ծավալում Ռուսաստանում: Սպորտից չի հեռացել նաև Աշոտ Նազարյանի ու Արամ Գասպարյանի սան Լևոն Գեղամյանը, որը ներկա պահին ղեկավարում է Ախուրյանի համալիր մարզադպրոցն ու «Աշխատանքային ռեզերվների» Գյումրու մասնաճյուղը: Ի դեպ, Ախուրյանի համալիր մարզադպրոցն է ներկայացնում Արամ Գասպարյանի սան Վարշամ Բորանյանը, որը որոշել է ավարտել կարիերան ու անցնել մարզչական աշխատանքի հարազատ դպրոցում:

Կարող են ավելացնել

Վերոհիշյալ ութ մեդալակրից իրենց մրցելույթները շարունակում են Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը: Երկուսն էլ ներկայացնում են Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը, որը ղեկավարում է Արթուրի հայրը Գևորգ Ալեքսանյանը: Ի դեպ, վերջինս նաև Արթուրի անձնական մարզիչն է: Չալյանի անձնական մարզիչը Արթուր Պետրոսյանն է:

Հեռացել է կյանքից

Արամ Սարգսյանի սան Աղասի Մանուկյանը կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, հետո մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 50 տարեկան հասակում մահացել է ծանր հիվանդությունից:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth