Հենոյով ու առանց նրա. Երկու տարի անց՝ նույն կետում

Հենոյով ու առանց նրա. Երկու տարի անց՝ նույն կետում

Երկու տարվա ընթացքում Հայաստանի ազգային ընտրանին հասցրեց նույնիսկ ռևանշի հասնել մակեդոնացիների հետ խաղում՝ սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, բայց երկու տարի անց նույն կետում ենք, ինչ 2018 թվականի սեպտեմբերին:

Երկու տարի անց՝ նույն կետում

Նույնիսկ երկու տարվա վաղեմության ու վերջին խաղի վիճակագրությունն է սա փաստում: Երկու դեպքում փոխանցումների ճշգրտությունը 77 տոկոս, սակայն եթե 2018 թվականին ֆուտբոլային նշված տարրով առանձնացել են Կապառոսի հրավերին չարժանացած Օզբիլիզն ու Գոռ Մալաքյանը, ապա 2020 թվականին առանձնացել է կենտրոնական պաշտպան Կալիզիրը: Որոշիչ, սուր (ինչպես կուզեք կոչեք) փոխանցումների ցուցանիշով պատկերը նույնն է՝ 10 – 11 (ի դեպ մրցակցի մասով նույնպես ոչինչ չի փոխվել՝ 5 – 5): Հատկանշական է, որ երկու տարի առաջվա խաղում այս առումով առաջամարտիկն ամենևին Մխիթարյանը չի եղել (1): Հարվածներով՝ 14 – 16, դարպասին՝ 3 – 5 (մրցակցի մասով նույնպես շատ բան չի փոխվել՝ 10 – 5 և 9 — 4):  Նկատենք, ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ օրեր առաջ մրցակցի դարպասին ամենաշատը սպառնացողներից մեկը Տիգրան Բարսեղյանն է՝ 3 – 5:

Արդյունքը նույնն է՝ պարտություն

Զուտ թվերի տեսանկյունից օրեր առաջվա Հայաստանի ընտրանին ավելի նախընտրելի վիճակում է, քան երկու տարվա վաղեմության հավաքականը Մխիթարյանով, Ղազարյանով, Մարկոսով, Ադամյանով և մնացածով, սակայն արդյունքը նույնն է՝ պարտություն: Սա երկու տարվա առաջվա ու ներկայիս Մակեդոնիայի ֆոնին, որի խաղում ու ցուցանիշներում գրեթե ոչինչ չի փոխվել:

Չեն արվել ճիշտ հետևություններ

Ստացվում է՝ խնդիրը պայմանավորված չէ առանձին խաղացողների ներկայությամբ կամ բացակայությամբ: Ասել է, թե չեն արվել խորքային ու թիրախային ճիշտ վերլուծություններ՝ սխալները, թերությունները, բացթողումները ֆիքսելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու համար: Այս ընթացքում հավաքականը հասցրել է երեք մարզիչ փոխել՝ այդ ընթացքում խայտառակվելով Պալերմոյում: Փոխարենն երկու տարի անց ունենք նույն պատկերը, թանկարժեք մարզիչ և «Հենոյի կոնֆլիկտը»:

Չեն արվում ճիշտ հետևություններ

Մակեդոնիայի հետ խաղից հետո, դատելով արձագանքներից, Հայաստանի ընտրանու անհաջող մեկնարկը շատերը կապում են Մխիթարյանի բացակայության հետ: Ասել է, թե Հենոյով կհաղթեինք: Այո, գուցե նրա օգնությամբ հաղթեինք Մակեդոնիային, որն ի դեպ և չենք արել, և արել ենք այս երկու տարվա ընթացքում, բայց չգիտես ինչու հիմա նույն կետում ենք՝ սովորական դարձած ու նոր խնդիրներով հանդերձ: Երկու տարի տևած շրջապտույտը բացթողումներն ու իրավիճակին ոչ ճիշտ գնահատական տալու, լոկալ հաղթանակներն ու ցանկացած անհաջողություն մեկին կամ երկուսին վերագրելու, պատասխանատվությունից խուսափելու, կեղծ օրակարգերի ու նման այլ բաների արդյունք է: Հետևություններ չեն արվում կամ չկա ցանկություն անելու, իսկ խոնավությունը թաքցնելու կամ այն վերացնելու համար կոսմետիկ վերանորոգումը լուծում չէ և հուսով ենք՝ հենց էստոնիայի հետ խաղը կդառնա սթափության մեկնակետը:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth