30 տարում՝ 52 մեդալ. Մարզական Շիրակի հաղթական ուղին ու ապագան

30 տարում՝ 52 մեդալ. Մարզական Շիրակի հաղթական ուղին ու ապագան

Շիրակը, մասնավորապես մարզկենտրոն Գյումրին միշտ փայլել է մարզական հաղթանակներով, հատկապես հենակետային այնպիսի մարզաձևերում, ինչպիսին ծանրամարտն է: Նույնիսկ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ դեռ թարմ էին ութսունութի աղետի վերքերը, սպորտային կյանքը ոչ միայն կանգ չառավ, այլ օգնեց շատերին ապրել ու պայքարել՝ չնայած խնդիրներին ու խոչընդոտներին: Այդ ընթացքում, հակառակ ֆիզիկայի ու բնության բոլոր կանոններին, ի հայտ տղաներ, որոնք պատվով շարունակեցին անցյալի չեմպիոնների գործը՝ նախ որպես մարզիկ, հետո որպես մարզիչ: Անկախ Հայաստանի պատմության մեջ սկսած 1992 թվականից մինչև 2020 թվականը Շիրակի մարզը համաշխարհային խոշոր ստուգատեսներում ներկայացրել են շատ ծանրորդներ, որոնցից 17-ին հաջողվել է վերադառնալ մեդալներով: Խոսքը վերաբերում է մեծահասակների մրցաշարերին:

Գալիք տարի լրանում է «Մարզական Շիրակի» 30-րդ տարեդարձը: Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադաներում սկսած 1992 թվականից մինչև 2020 թվականը Շիրակի մարզի ծանրորդներն երկամարտի արդյունքում ընդհանուր հաշվով նվաճել են 52 մեդալ՝ 17 ոսկի, 23 արծաթ և 12 բրոնզ:

  • Օլիմպիական խաղեր (1992 — 2020)

Օլիմպիական խաղերում շիրակցիներն ընդհանուր հաշվով երկամարտում նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ և 2 բրոնզ: Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր է դարձել Իսրայել Միլիտոսյանը՝ 1992 թվականին պատվո հարթակի առաջին հորիզոնականին կանգնելով Բարսելոնում: Օլիմպիական արծաթ են իրենց կարիերայի ընթացքում նվաճել Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Տիգրանն այդ արդյունքին հասել է 2008 թվականի Պեկինի, իսկ Գոռը՝ 2016 թվականի Ռիոյի խաղերում: Բրոնզե մեդալակիրներն են Գևորգ Դավթյանն ու Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Երկուսն էլ իրենց բրոնզե մոտեցումներն արել են 2008 թվականի Պեկինի խաղերում:

  • Աշխարհի առաջնություն (1992 — 2020)

Աշխարհի առաջնություններում շիրակցիներն ընդհանուր հաշվով երկամարտում նվաճել են 14 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ և 5 բրոնզ: Ոսկե մեդալակիր են դարձել Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանն ու Հակոբ Մկրտչյանը: Տիգրանը նվաճել է ոսկին Անթալիայում 2010 թվականին, Նազիկը դրանից մեկ տարի առաջ՝ Գոյանում: Հակոբ Մկրտչյանը հավասարը չի ունեցել անցած տարի Պատտայայում կայացած առաջնությունում:

Արծաթե մեդալակիր են դարձել հինգ ծանրորդ. մեկական անգամ արդյունքին հասել են Սերգո Չախոյանը (Ստամբուլ 1994), Ալեքսան Կարապետյանը (Գուանչժոու 1995), Գևորգ Դավթյանը (Չիանգ-Մայ 2007) և Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը (Գոյան 2009): Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է Գոռ Մինասյանը (Աշխաբադ 2018, Պատտայա 2019):

Բրոնզե մեդալակիր են դարձել չորս ծանրորդ. մեկական անգամ արդյունքին հասել են Տիգրան Վարդանի Մարտրոսյանը (Սանտո-Դոմինգո 2006), Արա Խաչատրյանն (Սանտո-Դոմինգո 2006) ու Գոռ Մինասյանը (Հյուսթոն 2015): Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է Մելինե Դալուզյանը (Սանտո-Դոմինգո 2006, Անթալիա 2010):

  • Եվրոպայի առաջնություն (1992 — 2020)

Եվրոպայի առաջնություններում շիրակցիներն ընդհանուր հաշվով երկամարտում նվաճել են 31 մեդալ՝ 12 ոսկի, 15 արծաթ և 4 բրոնզ: Մեկական անգամ ոսկե մեդալակիր են դարձել Խաչատուր Քյափանակցյանը (Սոֆիա 1993), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (Լինյանո 2008), Հակոբ Մկրտչյանը (Բաթում 2019): Եվրոպայի կրկնակի չեմպիոն են Գևորդ Դավթյանը (Վլադիսլավովո 2006, Ստրասբուրգ 2007), Նազիկ Ավդալյանն (Լինյանո 2008, Ֆյորդե 2016) ու Մելինե Դալուզյանը (Ստրասբուրգ 2007, Լինյանո 2008): Եվրոպայի եռակի չեմպիոն է Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը (Լինյանո 2008, Մինսկ 2010, Թբիլիսի 2015):

Արծաթե մեդալակիր են դարձել ինը ծանրորդ. մեկական անգամ արդյունքին հասել են Իսրայել Միլիտոսյանը (Սեկսարդ 1992), Հովհաննես Ամրեյանը (Տրենչին 2001), Մելինե Դալուզյանը (Մինսկ 2010), Սամվել Գասպարյանը (Բաթում 2019): Մայրցամաքի փոխչեմպիոնի կոչումն երկու անգամ նվաճել են Խաչատուր Քյափանակցյանը (Սոկոլով 1994, Վարշավա 1995), Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը (Ստրասբուրգ 2007, Ֆյորդե 2016), Նազիկ Ավդալյանն (Ստրասբուրգ 2007, Բուխարեստ 2009) ու Գոռ Մինասյանը (Ֆյորդե 2016, Սպլիտ 2017): Երեք անգամ պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել է Արա Խաչատրյանը (Ստրասբուրգ 2007, Լինյանո 2008, Մինսկ 2010):

Բրոնզե մեդալակիր են դարձել չորս ծանրորդ. մեկական անգամ արդյունքին հասել են Խաչատուր Քյափանակցյանը (Ռիզա 1998), Հովհաննես Բարսեղյանը (Վարշավա 1995), Հակոբ Փիլոսյանն (Տրենչին 2001) ու Ալեքսան Կարապետյանը (Վարշավա 1995):

  • Համաշխարհային ունիվերսիադա (1992 — 2020)

Համաշխարհային ունիվերսիադաներում շիրակցիներն ընդհանուր հաշվով երկամարտում նվաճել են 2 մեդալ՝ 1 ոսկի և 1 բրոնզ: Չեմպիոնի կոչումը 2017 թվականին Տայբեյում նվաճել է Գոռ Մինասյանը, իսկ բրոնզը նվաճել է Հայկ Հակոբյանը 2011 թվականին Շենժենում:

  • Ամենատիտղոսակիրները (1992 — 2020)

Մեդալակիր շիրակցիներից ամենաշատ մեդալը նվաճել է գյումրեցի Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Նա կարիերայի ընթացքում հասցրել է երկամարտում 8 մեդալ նվաճել՝ 4 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ: Մեդալների քանակով երկրորդ տեղում Գոռ Մինասյանն է, որը դեռ հնարավորություն ունի նվաճած 7  մեդալի (1 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ) թիվն ավելացնել: Հնգական մեդալ են խոշոր մրցաշարերում նվաճել Նազիկ Ավդալյանն ու Մելինե Դալուզյանը, Խաչատուր Քյափանակցյանը, Գևորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը: Երեք մեդալ է նվաճել Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, երկու մեդալ ունեն Ալեքսան Կարապետյանն, Իսրայել Միլիտոսյանն ու Հակոբ Մկրտչյանը, մեկ մեդալ՝ Սերգո Չախոյանը, Հովհաննես Բարսեղյանը, Հովհաննես Ամրեյանը, Հակոբ Փիլոսյանն ու Հայկ Հակոբյանը:

  • Դեռ կարող են ավելացնել

Մեդալակիրներից մի քանիսն են այսօր գործող մարզիկներ, մասնավորապես խոսքը վերաբերում է Գոռ Մինասյանին (25 տարեկան), Հակոբ Մկրտչյանին (23 տարեկան) ու Սամվել Գասպարյանին (22 տարեկան): Տպավորիչ է հատկապես Հակոբ Մկրտչյանի ցուցանիշը: Մեծահասակների պայքարին միանալուց հետո երիտասարդ մարզիկը հասցրեց միանգամից հաղթել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Աշխարհի առաջնությունում:

  • Մնացել են սպորտում, անցել են մարզչական աշխատանքի

Մեդալակիր շիրակցիներից շատերը կարիերան ավարտելուց հետո մնացել են սպորտում, ոմանք՝ անցել մարզչական աշխատանքի, մասնավորապես օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը ներկա պահին Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է: Նրա որդին՝ Վարդան Միլիտոսյանը շարունակում է հոր գործն ու արդեն հասցրել է հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Մարզադպրոցի մարզիչներից է Հակոբ Փիլոսյանը, որի սանն է Գոռ Մինասյանը:

Գյումրիում մարզչական գործով է զբաղված նաև երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի սան Ալեքսան Կարապետյանը, որը ներկայացնում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Վերջինիս գլխավորությամբ է մարզում նրա որդին՝ Գարիկ Կարապետյանը, որը նույնպես հասցրել է աչքի ընկնել պատանեկան ու երիտասարդական խոշոր մրցաշարերում:

Գևորգ Դավթյանը ներկա պահին Հայաստանում չէ, սակայն կարիերան ավարտելուց հետո հասցրել է ղեկավարել Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, ինչպես նաև գլխավորել Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը: Մարզադպրոցի տնօրենի պաշտոնում Գևորգ Դավթյանը փոխարինել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Վահան Բիչախչյանին, որն այս պահին շարունակում է աշխատել հարազատ մարզադպրոցում և զբաղված է իր գլխավոր առաքելությամբ՝ դաստիարակելով սերունդներ: Բացի Դավթյանից, Վահան Բիչախչյանի սաներից է Սերգո Չախոյանը, Խաչատուր Քյափանակցյանը, Հովհաննես Ամրոյանը, Հակոբ Փիլոսյանը և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Վերջինս նախ սկսել է մարզվել Գյումրու Բարձրագույն մարզական վարպետության դպրոցի մարզիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ, իսկ հետո նոր նրան սկսել է մարզել Բիչախչյանը:

Ի դեպ, Գյումրու Բարձրագույն մարզական վարպետության դպրոցի տնօրենն է կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, որի սաներն են եղել Նազիկ Ավդալյանը, Մելինե Դալուզյան ու Հովհաննես Բարսեղյանը:

Երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի սաներն են եղել Արա Խաչատրյանն ու Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Մխիթարյանի մահից հետո Մարտիրոսյանը մարզվել է Յուրի Վարդանյանի զարմիկ Հարություն Եղոյանի գլխավորությամբ: Վերջինիս սանն է Եվրոպայի փոխչեմպիոն 22-ամյա Սամվել Գասպարյանը, որը ներկայացնում է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը:

Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն 23-ամյա Հակոբ Մկրտչյանը ներկայացնում է Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, նրա անձնական մարզիչն է Արմեն Մկրտչյանը: 

  • Դժբախտ պատահար

Վերոհիշյալ 17 մեդալակրից Խաչատուր Քյափանակցյանը, որը կարիերան ավարտելուց անցել է մարզչական աշխատանքի ու 2005 թվականից գլխավորել է ծանրամարտի Հայաստանի հավաքականը, 2007 թվականի սեպտեմբերին դարձել է ավտովթարի զոհ:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth