Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյանի կոնյակի գործարանում». կան զոհեր և տուժածներ

Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյանի կոնյակի գործարանում». կան զոհեր և տուժածներ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորն արական սեռի են, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

  • 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
  • 32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
  • 46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
  • 24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանում»։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ կան զոհեր և տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն.-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ․-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե․-ն (ծնված 1996 թ․) և Հարություն Մ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա․-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա․-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

wp-apeth