Յոթ ժամում՝ երեք պարտություն. Հայկական ակումբային ֆուտբոլի հայելին

Յոթ ժամում՝ երեք պարտություն. Հայկական ակումբային ֆուտբոլի հայելին

Մոտ յոթ ժամում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», բրոնզե մեդալակիր «Ալաշկերտն» ու չորրորդ տեղը զբաղեցրած «Շիրակը» միասին ութ գոլ բաց թողեցին, խփեցին մեկն ու ավարտեցին իրենց եվրագավաթային մրցաշրջանը:

Հայաստանի փոխչեմպիոնն ու 34 տարով նրանից մեծ Վագներ Լավը

Ի սկզբանե «Նոայի» հնարավորությունները հաշվետու խաղում այնքան էլ մեծ չէին և սա առաջին հերթին պայմանավորված էր ոչ թե մրցակցի ուժով ու որակներով, այլ հենց Հայաստանի փոխչեմպիոնի: Հատկանշական է, որ գավաթային ու սուպերգավաթային հաղթանակները նույնպես սրա մասին են վկայում: Կարևոր ու առանձին դրվագներում, երբ «Արարատ-Արմենիան» պետք է ու ամենակարևորը կարող էր փակել մրցակցի օդը՝ չարեց:

«Նոան» անցած առաջնությունում լավագույն քառյակում հայտնված թիմերի հետ խաղերում. «Արարատ-Արմենիա»՝ 3 պարտություն, 1 ոչ-ոքի, «Ալաշկերտ»՝ 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, «Շիրակ»՝ 1 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ-ոքի: Ընդհանուր հաշվով 12 խաղ, 4 հաղթանակ, 5 պարտություն, 3 ոչ-ոքի:

Պարզ է, որ Ալմաթիում նման նվերներ չէին լինելու: Ավելին, շատ գործոններ աշխատելու էր հենց «Կայրաթի» օգտին ընդհուպ մինչև մրցավարական համակրանքը: Ուժերն անհավասար էին և թերևս փաստը, որ խաղում իր փորձով ու որակներով աչքի ընկավ «Նոայից» 34 տարով մեծ Վագներ Լավը, ամեն ինչ գցում է իր տեղը: Խաղի ընթացքում մեկ անգամ չեղավ նման զգացողություն. ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները, եթե բրազիլացին լիներ «Նոայի» կազմում: Արդյոք դրանից շատ բան կփոխվեր: Գրեթե վստահ կարելի է ասել՝ ոչ:

«Ալաշկերտն» ու Մակեդոնիայի չորրորդ թիմը

Որպեսզի ավելի պարզ լինի «չորրորդ թիմ» ասվածը. «Ռենովան» մրցաշրջանը փակել է գոլերի -8 բացասական ցուցանիշով՝ չեմպիոն «Վարդարին» զիջելով 15 միավորով: Կայացած 23 խաղում թիմը տարել էր 10 հաղթանակ, 4 ոչ-ոքի էր արել ու կրել 10 պարտություն: Նկատենք, որ նույնքան պարտություն Մակեդոնիայի վերջին առաջնությունում կրել են միայն նախավերջին ու վերջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Ամենևին պատահական չէ, որ հնարավոր պարտությունն Երևանում մակեդոնացիները պատրաստ էին ընդունել որպես օրինաչափություն՝ հաշտվելով իրենց համար դառը իրականության հետ: Սրանից ելնելով ամենևին զարմանալի չէ, թե ինչպես նրանք տոնեցին հաղթանակն Երևանում և ինչպես իրար հերթ չտալով «Հանրապետականի» ֆոնին արված լուսանկարներով ողողեցին համացանցի իրենց տիրույթը:

«Շիրակն» ու Ռումինիայի չորրորդ թիմը

Մրցեցին իրենց առաջնություններում չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, սակայն սա ուրիշ պատմություն է և «Ռենովայի» հետ որևէ աղերս չունի. «Շիրակը» մինչև վերջ չեմպիոնական մրցավազքի մեջ էր, իսկ «Ստյաուան» իր հնարավորություններով ու հավակնություններով լրիվ այլ մակարդակի վրա է: Ինչ վերաբերում է դիմակայությանը, ապա խաղից առաջ նշել էինք, որ մրցակցի խաղաքարտերը խառնելու թերևս միայն մեկ հնարավորություն կա. բացառել որևէ սխալ ու լինել մաքսիմում արդյունավետ: Իհարկե, հասկանում ենք, որ նման բան գրեթե հնարավոր չէ և լրջորեն նստել ու նման ընթացք ակնկալելն անիմաստ գործ է ու ինքնախաբեություն: «Շիրակը» փորձեց ու գուցե արեց առավելագույնը: Սա խաղից հետո ու մինչ օրս շատերն են նշում: Լավ համարենք դա այպես է, բայց այդ ֆոնին միևնույն է թիմը պարտվեց 3:0 հաշվով: Եթե անում ես առավելագույնն ու պարտվում ես 3:0 հաշվով, ապա ինչ կլիներ, եթե շիրակցիները չանեին առավելագույնը: Մրցավարի հորինած 11 մետրանոցը վերը նշված մրցավարական համակրանքի մասին է խոսում և որպեսզի նման դետալները քեզ չխանգարեն, պետք է առնվազն մի գլուխ ուժեղ լինես մրցակցից: Ի վերջո, մրցավարը բոսնիացի էր և գուցե մտքում պահել էր Հայաստան-Բոսնիա հանդիպումն ու հյուրերի դարպասին չնշանակված 11 մետրանոցը: Ով իմանա թե ինչ կար նրա, կամ «Նոայի» խաղը սպասարկող մրցավարի գլխում:

Ամփոփում

Գուցե ոչ միայն «Շիրակը», այլ նաև «Նոան» ու «Ալաշկերտն» արեցին առավելագույնը, ինչ այս պահին ի զորու էին անել: Մեկ փուլ այս կողմ, մեկ փուլ այն կողմ,  դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվում: Սա է պատկերը հայկական ակումբային ֆուտբոլի, նրա հայելին ու նույնիսկ եթե «Արարատ-Արմենիան» կրկնի անցած տարվա պատմությունը, ապա դրանից նույնպես շատ բան չի փոխվի: Չի փոխվի, որովհետև դա առաջին հերթին չի բխում տրամաբանությունից և դրա մասին այս պահին ոչինչ չի խոսում ու հուշում: Սա չի նշանակում, որ նման բան հնարավոր չէ, պարզապես տեղի ունեցածին ու այն ինչ տեղի է ունենալու՝ անկախ իրադարձությունների զարգացումնից ու ելքից, պետք է նայել իրական աչքերով՝ չկտրվելով իրականությունից:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth