Գյումրիում աղջիկը ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը

Գյումրիում աղջիկը ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը

Օգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնել է բժշկական կենտրոն: Իրավապահները զրուցել են բժշկի հետ: Արձանագրել են՝ երիտասարդն ինչ ախտորոշմամբ էր հիվանդանոց տեղափոխվել: Իսկ թե որտեղ և ինչ հանգամանքներում էր վնասվածքը ստացել` հարկավոր էր պարզել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվել է: Պարզվել է՝ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:

Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, և երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:

Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Նրանք կալանավորվել են: Հանգամանքները պարզվում են: Սպանության փորձով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

wp-apeth