Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները. Ջրաձոր գյուղն ամբողջությամբ կտեղափոխվի

Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները. Ջրաձոր գյուղն ամբողջությամբ կտեղափոխվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունը հաստատել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը: Հիմնավորման համաձայն, 2014 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով, մասնավորապես, նախատեսվել է իրականացնել Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը: Կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև գյուղական շրջանների զարգացման խթանմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքների՝ Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաև նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։ Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասնհաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում: Որոշման արդյունքում՝ հնարավոր կլինի ծրագրի ազդակիր համայնքներում սկսել հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործընթացների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրաձորի վերաբնակեցումը պետք է արվի առաջին փուլի իրականացմանը զուգահեռ՝ պետական միջոցներով: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը. 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է: Ջրաձորի բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը, որի արժեքը նախնական գնահատականներով կազմում է 4,9 մլրդ դրամ: «Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Ունենալու ենք նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը»- ասել է Վաչե Տերտերյանը:

10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո կներկայացվի նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կմեկնարկի շինարարության մրցույթի և շինարարության գործընթացը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջրամբարի կառուցման պետական այս ծրագրով հընթացս հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների համար. «Ջրի տեղափոխման գործընթացում մենք տեսնում ենք հնարավորություն մասնավորի հետ համագործակցության, մասնավորապես, այդ տեղափոխման ուղիների վրա էլեկտրական էներգիայի արտադրության հզորությունների տեղակայման, որն էականորեն կնվազեցնի ջրի տեղափոխման հնարավոր ինքնարժեքը»:

Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում: «Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլև՝ 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով: Եվ, ըստ էության, կարող ենք այստեղ նաև որոշակի լուծումներ տալ քաղաքաշինական այն մեծ խնդիրներին, որոնք ունենք, որպեսզի բնակավայրը հիմնադրվի և հետագայում էլ զարգանա՝ բացառապես քաղաքաշինական սահմանված կանոնների և փաստաթղթերի համաձայն և լինի մոդելային մեր գյուղական կյանքի կազմակերպման հետագա ընթացքի համար:

Ես ուզում եմ ընդգծել մի հայեցակարգային նրբություն, որը կարծում եմ՝ կարևոր է հետագա մեր պատկերացումների ձևակերպման համար: Բնակությունը գյուղում և գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են: Կարծում եմ՝ պետք է այս հայեցակարգի գործնական իրագործումը կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից հիմնադրվող բնակավայրում, ինչը կարող է շատ հեշտ գործ չլինել, որովհետև կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնք հաղթահարելը առանձնապես հեշտ չլինի, բայց մենք պետք է հետևողական այս ճանապարհով գնանք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է կոնկրետացնել ջրամբարաշինության ոլորտում կառավարության հետագա անելիքները, քանի որ ջրային պաշարը դառնում է ավելի ու ավելի կարևոր ռեսուրս, և այն պետք է արդյունավետ կառավարել:

wp-apeth