«Օրենքով գող» Անդրանիկ Ս․-ն կալանավորվել է

«Օրենքով գող» Անդրանիկ Ս․-ն կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք: Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք, ինչից հետո, այսպես կոչված՝«քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Դրա մասին տեղեկացել է, այսպես կոչված՝ «օրենքով գող» Անդրանիկ Ս.-ն։ Վերջինս, մեկ այլ անձի միջոցով, իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: Այսպես կոչված՝ «քրեական հեղինակությունը», այնուհետև հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, ապա նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել, այսպես կոչված՝ «օրենքով գողին», հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Ս.-ն կալանավորված է։ Քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքարը ոստիկանության գործունեության գլխավոր ուղղություններից է։ Հասարակության և հանրային գիտակցության մեջ այդպիսի դրսևորումներն արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքներին բազմիցս անդրադարձել ենք։ Այսօր արձանագրված բացահայտման դեպքը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու արատավոր երևույթը արմատախիլ անելու ուղղությամբ ոստիկանության ակտիվ պայքարի հերթական հաջողությունն է:

wp-apeth