Օրենսդրական նախաձեռնություններ. արտակարգ դրությունը չի երկարաձգվի

Օրենսդրական նախաձեռնություններ. արտակարգ դրությունը չի երկարաձգվի

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որը մշակվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով: Նախագծերով սահմանվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և բուժման և կանխարգելման և հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։ Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականցնող կազմակերպությունների գտնվելու վայրում և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:

Արդարադատության նախարարը նշել է, որ նախատեսված կարգավորումները համապատասխանեցվել են սահմանադրությամբ ամրագրված սահմանափակող նորմերի պահանջներին: «Միաժամանակ ամրագրվել է սահմանադրությունից բխող երաշխիքների լայն համակարգ, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներւմ հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը»-ասել է Ռուստամ Բադասյանը: Նախարարն ընդգծել է, որ այս ռեժիմն արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով: Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի դեպքում հնարավոր բոլոր այն սահմանափակումները, որոնք թեպետ այսօր չեն կիրառվում, սակայն կա դրանց կիրառման հնարավորությունը: «Գտնում ենք, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը»,-նշել է Ռուստամ Բադասյանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել առաջարկությունները, վերջնական տեսքի բերել նախագիծը, որից հետո նոր ներկայացնել ստորագրման:

Օրինագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին. Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով, առաջարկվում է միանվագ փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին, մասնավորապես՝ գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացած ցանկացած տեսակի գույքի դիմաց: Ինչպես նաև միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին, համապատասխանաբար, 3, 2 և 1 միլիոն դրամի չափով: Զոհվածների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի 5 միլիոն դրամի չափով: Կառավարությունն օրինագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, մասնավորապես՝ համապատասխան հոդվածում ավելացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակ» բառերը:

wp-apeth