«Ալաշկերտն»՝ առաջատար. երկրորդ տուրի ամփոփումը

«Ալաշկերտն»՝ առաջատար. երկրորդ տուրի ամփոփումը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում նախատեսված հինգ խաղից կայացան երեքը: «Շիրակ» – «Արարատ», ինչպես նաև «Լոռի» – «Վան» հանդիպումները չկայացան: Ավելի վաղ «Շիրակն» ու «Արարատը» դիմել էին ՀՖՖ առաջիկա տուրի իրենց մասնակցությամբ խաղը հետաձգելու հարցով: Երևանի «Արարատում» կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր, վարակի դեպք էր գրանցվել նաև «Շիրակում»: Երեկ պարզ դարձավ, որ կրկին վարակվածներ կան «Լոռիում»:  Հիշեցնենք, որ առաջին տուրում ևս մեկ խաղ չէր կայացել: «Լոռին» չէր ներկայացել «Ուրարտուի» հետ մրցավեճին, արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և տեխնիկական հաղթանակ շնորհեցին «Ուրարտուին»:

Ինչ վերաբերում է երկրորդ տուրում տեղի ունեցած խաղերին, ապա խաղային առաջին օրն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց փոխչեմպիոն «Նոային» և կարողացավ հաղթել նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը խփելով խաղի ավարտից րոպեներ առաջ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջին հաղթանակը տարավ առաջնությունում, իսկ Իգոր Պիկուշչակի սաները կրեցին առաջին պարտությունը: Հանդիպումն աչքի ընկավ տանտերերի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ միջադեպով: վերջինս, դժգոհ մրցավարների գործողություններից, չկարողացավ զսպել էմոցիաներն ու մի քանի արտահայտություն թույլ տվեց վերջիններիս հասցեին:

Խաղային մյուս օրը կայացավ միանգամից երկու հանդիպում, երկու դեպքում էլ գրանցվեց ոչ-ոքի: Կրկին չկարողացավ հաղթանակ տանել չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմն այս անգամ խնդիրներ ունեցավ «Գանձասար-Կապանի» հետ և շատերի կարծիքով շատ մոտ էր պարտությանը, եթե հյուրերի խաղացողներն ավելի դիպուկ գտնվեին: Միայն հարվածների քանակով կապանցիները մի քանի անգամ գերազացեցին մրցակցին: Ի վերջո, գրանցվեց ոչ-ոքի: Սա չեմպիոնի երկրորդ անընդմեջ ոչ-ոքի էր ընթացիկ առաջնությունում, իսկ Արմեն Պետրոսյանի սաները վաստակեցին անդրանիկ միավորը:

Օրվա մյուս խաղում գոլեր չգրանցվեցին: «Փյունիկն» ու «Ուրարտուն» մրցեցին «Հանրապետականում» և բաժանվեցին խաղաղությամբ: Ճիշտ է, մինչ այդ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին շնորհվել էր տեխնիկական հաղթանակ, սակայն թիմը դեռ խաղ չէր անցկացրել, իսկ Արտակ Օսեյանի թիմը պարտվել էր առաջին տուրում: Կողմերը բավարարվեցին մեկական միավորով:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Ալաշկերտ 2 1 1 0 1 0 4
2. Արարատ 1 1 0 0 1 0 3
3. Վան 1 1 0 0 2 1 3
4. Արարատ-Արմենիա 2 0 2 0 1 1 2
5. Շիրակ 1 0 1 0 2 2 1
6. Ուրարտու 1 0 1 0 0 0 1
7. Նոա 2 0 1 1 2 3 1
8. Գանձասար-Կապան 2 0 1 1 2 3 1
9. Փյունիկ 2 0 1 1 0 1 1
10. Լոռի ՖԱ 0 0 0 0 0 0 0

Ստացվեց այնպես, որ հաջորդ տուրում նախատեսված հինգ խաղից կկայանա ընդամենը մեկը: Խոսքը «Վան» – «Փյունիկ» խաղի մասին է: Բանն այն է, որ ավելի վաղ որոշում էր կայացվել հետաձգել այն թիմերի մասնակցությամբ հանդիպումները, որոնք օրեր անց մասնակցելու են Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին.հետաձգվել են մասնավորապես «Ուրարտու» – «Շիրակ», «Արարատ» – «Ալաշկերտ», «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղերը: Ինչպես արդեն նշել ենք կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված հետաձգվել է նաև երրորդ տուրի «Գանձասար-Կապան» – «Լոռի» մրցավեճը:

Տուր 3 Քաղաք Մարզադաշտ
Նոա
  –
Ար.-Արմ. Երևան  
Արարատ
  –
Ալաշկերտ Երևան  
Ուրարտու
  –
Շիրակ Երևան
28.08.20 Վան
  –
Փյունիկ Չարենցավան  Քաղաքային 16:45
Գանձասար
  –
Լոռի Երևան

Առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տուրից հետո առաջատարը «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանն է, որը խփել է երկու գոլ: Մնացածն աչքի են ընկել մեկական անգամ:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան) 2
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 1
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 1
04
Սերգեյ Վակուլենկո (Արարատ-Արմենիա) 1
05
Արտյոմ Միքայելյան (Շիրակ) 1
06
Արման Ասլանյան (Շիրակ) 1
07
Միհրան Մանասյան (Վան) 1
08
Դանու Սպետառու (Նոա) 1
09
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 1
10
Վլադիմիր Ազարով (Նոա) 1
wp-apeth