«Գյումրու օր» տոնակատարության օրը կբացվեն մի շարք մշակութային օջախներ

«Գյումրու օր» տոնակատարության օրը կբացվեն մի շարք մշակութային օջախներ

«Գյումրու օր»  տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին «Իմ սեր, Գյումրի» խորագրի ներքո: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով  պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ:

«Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ երգ է նվիրում քաղաքին: Այդ երգով ասում ենք . «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշել է  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, հայտնում է  «Արմենպրեսը»:

Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Ընդհանուր առմամբ, երգն ամբողջովին նվեր է քաղաքին՝ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանադրումը կատարվել է գյումրիցի երիտասարդների կողմից՝ որպես նվեր քաղաքին: Երգը կունենա նաև տեսահոլովակ:

Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից  ու կհեռարձակվի ուղիղ եթերով:

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի քաղաքի օր նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության  ու բարության օրրան է, ու այս տարի մենք ենք մեր ներսի  սերն ու բարությունը ուղարկում աշխարհին»,-ավելացրել է Լիլիթ Թովմասյանը:

Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարանը», «Պատմության թանգարանը» ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի» բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածքը:

wp-apeth