Անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս է պատճառել, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք

Անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս է պատճառել, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք

2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  «Արաբկիր» բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի   16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 57-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth