«Ալաշկերտն» ու ապագան. Բագրատ Նավոյանի հարցազրույցը

«Ալաշկերտն» ու ապագան. Բագրատ Նավոյանի հարցազրույցը

Վերաբացվելուց հետո Երևանի «Ալաշկերտը» անցած ութ տարվա ընթացքում հասցրել է երեք անգամ հռչակվել Հայաստանի չեմպիոն և հայաստանյան չափանիշներով որոշակի հաջողությունների հասնել եվրագավաթներում: Football365.am-ի հետ զրույցում ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը վստահեցնում է, որ ոչինչ չի փոխվել և իրենք շարունակում են իրենց առջև լուրջ նպատակներ դնել: Գլխավոր հարցը, որը տանջում է վերջինիս ակումբը հարազատ Մարտունի տեղափոխելն է, սեփական ակադեմիա ունենալը: Նպատակներից մեկն է նաև եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ անցնելը: Կստացվի, թե ոչ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ կան օրակարգային հարցեր, որոնք պետք է լուծել մոտակա ժամանակահատվածում:

  • Ի՞նչ է Ձեզ համար «Ալաշկերտը»:
  • Մի բառով՝ ընտանիք:
  • Եթե հենց հիմա զանգ ստանաք ու լսեք ակումբը վաճառելու առաջարկ: Ինչպե՞ս կարձագանքեք:
  • Եթե լինի առաջարկ, ապա դա դեռ հարց է, պետք է մտածեմ: Ընդհանրապես նման մտադրություն չունեմ:
  • Ի՞նչ պետք է լինի, որ որոշեք «Ալաշկերտը» վաճառել կամ փոխանցել մեկ ուրիշին:
  • Եթե իմանանք, որ շատ բարդ վիճակ է, գումար չունենք, ապա ոչ թե վաճառենք, այլ մի լավ ընկեր գտնենք, որ կարողանա թիմն առաջ տանել, անունը չկորցնել:
  • Եթե հայտնվի մեկը, որը պատրաստ կլինի ձեր պատկերացրած գումարից ավելին առաջարկել «Ալաշկերտի» համար, կվաճառե՞ք:
  • Կմտածեմ:
  • 3 միլիոն եվրոյից ավելի, թե պակաս գումար կպահանջեք:
  • Նվազագույնը 10 միլիոն եվրո:
  • Նույնիսկ այդպես
  • Այո: «Ալաշկերտի» վարկանիշը Հայաստանում շատ բարձր է: Հայկական ակումբներից ամենաբարձր վարկանիշն ունի Եվրոպայում: 8 տարվա թիմ է, երեք անգամ դարձել է չեմպիոն, եվրագավաթներ: Ուժեղ թիմեր նույնպես ունենք Հայաստանում, բայց «Ալաշկերտի» վարկանիշը ոչ մեկը չունի:

Համավարակ, տնտեսական ճգնաժամ

  • Ի՞նչ վիճակում եք հիմա, ինչպե՞ս եք փորձում հաղթահարել բարդ ժամանակահատվածը:
  • Թիմը շատ լավ վիճակում է, շուտով սկսելու է պայքարը եվրագավաթներում և փորձելու ենք հնարավորինս առաջ գնալ: Ամեն ինչ կախված է ամսի 27-ի խաղից: Հուսով ենք՝ լավ կդասավորվի ամեն ինչ և կսկսենք մտածել ևս մեկ քայլ անելու մասին:
  • Ակումբն ինչ վիճակում է՝ հաշվի առնելով համավարակն ու ստեղծված բարդ ժամանակահատվածը:
  • Այս պահի դրությամբ չունենք ոչ մի դեպք, ժամանակին թեստավորումներն անցնում ենք: Ժողով ենք արել, բոլորի հետ խիստ ձևով պայմանավորվել ենք, որ փողոցում քիչ լինեն, մարդկանց հետ քիչ շփվեն: Ընտանիքով զբոսնելիս զգույշ լինեն, պահպանեն բոլոր անհրաժեշտ կանոնները:

  • Համավարակ, տնտեսական ճգնաժամ: Գաղտնիք չէ, որ սեփական գումարներն եք ծախսում ակումբի վրա: Շատ տուժեցի՞ք այս ընթացքում:
  • Կարելի է ասել, ինչ ծախսել ենք ժամանակին, նույնը կրկին արեցինք: Աշխատանք չկար, բայց թիմը պարտավոր էինք պահել: Եվրոպացին, արտասահմանցին ինչ մեղք ունի, որ եկել է Հայաստան և նման իրավիճակ է ստեղծվել: Մեզ մոտ, որ գալիս են երևի հիսուն տոկոսն ընտանիքներով են գալիս: Բնակարան տրամադրել, գումար տրամադրել, որ մարդիկ կարողանան ապրեն: Պարզ չէ՞, որ բոլորս էլ շատ տուժվեցինք:
  • Ի՞նչ հույսեր կան ապագայի հետ կապված:
  • Մեկ բառով ասած, եթե «մուտիլովկաները» վերանան՝ վիճակը շատ նորմալ է, կարգավորված է: Ամեն մեկը պետք է մտածի առաջ գնալու մասին, ոչ թե հետ գնալու: Պետք է շնորհակալություն հայտնենք կառավարությանը, պարետին, ֆեդերացիային, որոնք ամեն ինչ անում են, որ ֆուտբոլում պրոբլեմներ չունենանք: Լինում են դեպքեր, երբ օրինակ «Ալաշկերտը» թեստերը հանձնում է, երկրորդ օրը պատասխանները կա, բայց կան թիմեր, որոնք յոթ օր հետո են հանձնում և պարզվում է հիվանդներ ունեն: Նման բաները պետք է վերանան: Պետք է բոլորով պայքարենք մեր ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ:
  • Կխնդրեմ մանրամասնել, թե ինչ ի նկատի ունեք «մուտիլովկաներ» ասելով: Այդքան անառո՞ղջ է մթնոլորտը հայկական ֆուտբոլում:
  • Չակերտները չեմ բացում, լրագրող եք և ինձանից լավ գիտեք: Առանց մեկնաբանելու: «Մուտիլովկան» պետք է վերանա:
  • Ինչո՞ւ եք մտածում, որ նման բան կա:
  • Դուք հիմա խոսում եք «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Նույն հարցը կարող եք տալ մնացած ակումբների ղեկավարներին:
  • Հիմա չենք խոսում մյուս ակումբների մասին…
  • «Ալաշկերտում» նորմալ մթնոլորտ է, նորմալ վիճակ է: Թիմը պայքարում է չեմպիոնության և եվրագավաթներում հաջողության հասնելու համար: Հիմա «Ալաշկերտի» ղեկավարի ուղեղում միայն դա է:
  • Ի՞նչ վիճակում է հիմա հայկական ֆուտբոլը:
  • Նորմալ վիճակ է, չորս թիմ պայքարում են եվրագավաթների համար: Այսօր կարևոր խաղ ունենք, «Արարատ-Արմենիան» է խաղալու: Պետք է բոլորով աջակցենք, որ մեր թիմը լավ հանդես գա: Օրեր անց պայքարի են դուրս գալու «Ալաշկերտը», «Շիրակը» և «Նոան»: Բոլորին հաջողություն եմ մաղթում:

Անցած տարիներ, ներդրումներ, մարզադաշտ, ֆինանսական հարցեր

  • 9 տարի առաջ ինչպե՞ս էիք պատկերացնում ապագան: Արդյոք «Ալաշկերտն» այն տեղում է և դիրքում, ինչ ցանկանում էիք, թե սպասելիքներն այլ էին:
  • Ես մաքսիմալիստ եմ: Եթե հիշում եք իմ առաջին հարցազրույցը, ապա ես ասել էի, որ պետք է միանգամից պայքարենք Բարձրագույն խմբի ուղեգրի համար: Այդպես էլ եղավ, հետո իրավունք ստացանք մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլին: Այս ընթացքում երեք անգամ անընդմեջ չեմպիոն ենք դարձել: Վերջին երկու տարում «Արարատ-Արմենիան» է առաջին տեղը գրավում, բայց սա ֆուտբոլ է: Այս տարի ևս պայքարելու ենք չեմպիոնության համար:
  • Այդպես էլ թիմը Մարտունի չտեղափոխվեց, հրաժարվե՞լ եք այդ գաղափարից:
  • Չենք հրաժարվել գաղափարից: Մեր ծրագրերում կա, բայց Մարտունիի մարզադաշտը պատկանում է անհատի, սեփականություն է: Սեփականատերը չի ցանկանում այն տրամարդրել: Այստեղ պետք է կառավարությունը մտածի, ֆեդերացիան մտածի: Եթե դաշտը տրամադրեն, ապա այն լինելու է «Ալաշկերտի» բազան Մարտունիում:
  • Դրանո՞վ է պայմանավորված, որ այսօր համեմատաբար մեծ ներդրումներ չեք անում «Նաիրի» մարզադաշտում կամ այլ ենթակառուցվածքներ Երևանում փորձում ստեղծել:
  • «Նաիրի» մարզադաշտն իմ սեփականությունն է: Ամեն ինչ արվում է, որպեսզի այն պատշաճ վիճակում լինի: Հիմա ծրագիր ունենք, որ հաջորդ տարի, եթե իրավունք ստանանք մասնակցելու եվրագավաթներին, ապա տնային խաղերն անցկացնենք մեր հարկի տակ: Ունենք պայմանավորվածություն, որ լուսավորություն պետք է տեղադրվի, տրիբունաները, հանդերձարանները վերանորոգվի: Մյուս տարվանից «Ալաշկերտի» մարզադաշտը պատրաստ կլինի:

  • Կրկին ձեր սեփական միջոցների՞ց եք ծախսելու:
  • Այո, մեր միջոցներով: Եթե չեմ սխալվում, ապա «Նաիրի» մարզդաշտը միակն է, որին ֆեդերացիան ոչ մի բանով չի օգնել: Մի քանի թիմերին արհեստական խոտածածկ, ակադեմիա, դաշտեր: Այս մասով որևէ օժանդակություն չի եղել, գումար չի տամադրվել: Հույս ունեմ, որ առաջիկայում կօգնեն: Ճիշտ է, սեփականություն է, բայց հուսով ենք ինչ հնարավորություն որ կա, այս անգամ կօգնեն:
  • Դիմե՞լ եք այդ հարցով արդեն:
  • Պատրաստվում ենք դիմել:
  • Ի՞նչ այլ ծրագրեր կային, որոնք մինչ օրս մնացել են օդում կախված:
  • Ամենակարևորը տեղափոխվել Մարտունի, իմ հարազատ քաղաք: Տեղի երկրպագուները շատ մեծ օգուտ կտան մեզ: Ակադեմիա ունենանք այնտեղ և թիմում լինեն մարտունեցի շատ երեխաներ, որպեսզի ես էլ իմանամ, թե իմ մարզի համար ինչ եմ անում: Մյուս նպատակը եվրագավաթներում փլեյ-օֆֆ փուլ անցնելն է:
  • Ակումբի մարզադպրոցը կարելի՞ է կայացած համարել, թե դեռ անելիք կա:
  • Մանկապատանեկան ևս երկու թիմ ենք ստեղծել: Ունենք աղջիկների թիմ, որն անցած տարի առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Երկրորդ թիմ արդեն ունենք աղջիկների, ուզում ենք այն զարգացնել:
  • Ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, խոսքը վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի գլխավորած տարիներին, ասում էին, որ չեն ցանկանում լրացուցիչ ծանրաբեռնել հայկական ակումբներին և ստիպել աղջիկների թիմ պահել: Այսօր փաստորեն ակումբները ստիպված են աղջիկների թիմ պահել: Լրացուցիչ բեռ չէ ձեր ուսերին՝ հաշվի առնելով այն, որ չկան հովանավորներ, եկամտի այլ աղբյուրներ: Բեռ չէ՞ ձեզ համար:
  • Դա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի ուղեղցույցն է, ֆեդերացիան ինքնուրույն չի որոշում, որ բոլոր թիմերը պետք է ունենան աղջիկների թիմեր, ֆուտզալի և մանկապատանեկան: Դա նշված է նրանց ուղեցույցում, որ բոլորը պետք է ունենան:
  • Թիմերը ցանկության դեպքում կարող են աշխատել աղջիկների ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ: ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն, այո, խրախուսում են աղջիկների ֆուտբոլի զարգացումը, բայց այստեղ խոսքը վերաբերում է ակումբներին պարտադրելուն: Միթե՞ ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից են պարտադրում հայկական ակումբներին աղջիկների թիմեր պահել:
  • Եթե ուզում ես, որ թիմը մասնակցի եվրագավաթներին և ունենա հավատարմագիր, ապա պետք է ունենա աղջիկների և մանկապատանեկան թիմեր: Դա կարգն է, պարտադիր պետք է ունենալ:
  • Ծանր չէ՞ ձեզ համար ֆինանսապես:
  • Բոլորի համար էլ ծանր է, բայց եթե ֆուտբոլում ես, ապա պետք է մտածես նաև այդ ծանրության մասին:
  • Դուք աղջիկներին նույնպե՞ս աշխատավարձ եք տալիս, ինչպես գլխավոր թիմի խաղացողներին:
  • Դա մեր գաղտնիքն է:
  • Մտածե՞լ եք այս ընթացքում ֆուտբոլից հեռանալու մասին:
  • Երբ որ հասկանամ, որ ֆինանսապես այլևս հնարավորություն չունեմ, ապա կհեռանամ:
  • Որքա՞ն եք մտադիր սեփական գումարները ծախսել:
  • Ունեմ լավ ընկերներ: Նրանք իմ հարստությունն են և միշտ ինձ օգնում են:
  • Եղե՞լ է տարի կամ մրցաշրջան, երբ մինուսով չեք փակել այն:
  • Եղել է ևս պլյուսով, և մինուսով: Եղել է, որ 0 ենք կանգնել:
  • Այս ընթացքում բացի ձեր սեփական գումարից, ակումբը ինչ-որ տեղից գումար գեներացրե՞լ է: Օրինակ հովանավորներ, տրանսֆերներ և այլն:
  • Չունենք: Մինչև այսօր չունենք նման բան: Ոչ ֆուտբոլիստներ ենք վաճառել, ոչ էլ հովանավոր ենք ունեցել:
  • Ինչ քայլեր եք ձեռնարկել կամ ձեռնարկում բացը փակելու համար:
  • Կարևորն առողջությունս ների, մնացածը կանենք, կստեղծենք: Փորձանքից հեռու:

Մարզչական փորձ, մարզիչների փոփոխություն

  • Հայտնի եք որպես էմոցիոնալ անձնավորություն հայկական ֆուտբոլում: Դա չի՞ խանգարում կառավարմանը, որոշումներ կայացնելուն:
  • Հնարավոր է՝ տեղեր կա խանգարում է, տեղեր կա օգնում է: Եթե ֆուտբոլում ես, ապա այդ 90 րոպեն պետք է դրա մեջ լինես: Ես չեմ կարողանում նստել ու կողքից նայել: Տեղ կա պետք է արտահայտվես:
  • Հասցրել եք նույնիսկ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել:
  • Գլխավոր մարզիչը վատառողջ էր: Որոշեցի ինքս լինել տեխնիական գոտում, ֆուտբոլիստների կողքին, որպեսզի ինքս որոշեմ ինչ փոփոխություններ անել, ինչ մարտավարություն ընտրել: Իմիջի հարց չէր, մարզիչը վատառողջ էր և այդ ժամանակ որշեցի պատասխանատվությունն ինձ վրա վերցնել:
  • Եվ ինչպե՞ս էիք ձեզ զգում այդ դերում:
  • Հասկացա թե ինչքան բարդ գործ է մարզչի աշխատանքը: Շատ բան տեսա ու զգացի: Ինչպես են տղաներն ու մարզիչները պահեստայինների նստարանին իրենց զգում, ինչ ապրումներ են ունենում:
  • Այս տարիների ընթացքում «Ալաշկերտն» երևի այն թիմերից մեկն է, որ ավելի հաճախ է մարզիչ փոխել: Նման փորձից հետո արդյոք ձեզ մոտ ինչ-որ բան փոխվե՞լ է այդ հարցում:
  • Եթե մարզիչը ուժեղ է լինում, ապա ոչ մի ղեկավար նրան չի փոխում հենց այնպես: Մյուս կողմից, երբ թիմը վատ է խաղում և երկու, երեք պարտություն է իրար հետևից կրում, ապա ցանկացած մտածող ղեկավար պետք է փոխի: Եղավ դեպք, երբ «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն, բայց մարզչին փոխեցին: Չես կարող համեմատել: Մեկի պայմանագրի ժամկետն է լրանում, մյուսը զգում է, որ թիմին հետ է տանում: Կուզենայի ունենայինք մարզիչ, որի օրոք միշտ հաջողության հասնեինք: Մարզիչ փոխում են, երբ թիմը վատ է խաղում ու մի քանի խաղ անընդմեջ պարտվում են:
  • Կայնությունը նույնպես կարևոր է:
  • Չի բացառվում, որ եթե դուք լինեիք ակումբի ղեկավար, ապա մեկ խաղից հետո որոշեցիք մարզիչ փոխել: Օրինակ, երբ թիմը 10 միավոր կորցնում է, ապա չես մտածում ուրիշ բանի մասին: Կարող է ավելի վատ մարզիչ գա, բայց պետք է գնաս փոփոխության: Ընդունված բան է: «Բարսելոնայի» նման թիմում էլ, երբ պարտվում են, մարզչին փոխում են:
  • Կարելի է ասել, որ «Ալաշկերտում» մարզչական փոփոխություններից հետո թիմը միշտ սկզբնական հատվածում բարելավել է արդյունքները և միայն հետո է խնդիրներ ծագել:
  • Լինում են նման դեպքեր, բայց միանշանակ չի կարելի ասել: Օրինակ նույն Աբրահամ Խաշմանյանը, երբ եկավ «Ալաշկերտ», սկզբում լավ արդյունքներ եղան, հետո երբ վերջինս գնաց «Լոռի» արդյունքներն այն չեղան: Իր հերթին «Լոռիի» մարզիչն եկավ «Արարատ-Արմենիա» և թիմը պարտվեց սուպերգավաթային խաղում, իսկ մեզ հետ խաղում մի կերպ ոչ-ոքի արեց:
  • Ի դեպ, նույն Աբրահամ Խաշմանյանը մի քանի անգամ հասցրել է գլխավորել ու լքել «Ալաշկերտը»: Մտադի՞ր եք մի օր կրկին նրան հրավիրել:
  • Երբեք մի ասա երբեք: Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է կգա մի ժամանակ, երբ կզգանք, որ մարզչական շտաբը թերանում է, պարտություններ կլինեն, ապա չի բացառվում, որ որոշենք կրկին հրավիրել Խաշմանյանին: Շատ հարգում եմ նրան, շատ լավ մասնագետ է: Կարևորը լավ մարդ է, նրա գլխում ֆուտբոլն է: Ոչ ոք չգիտե, թե ինչ կլինի ապագայում: Այս պահին մենք ունենք շատ լավ մասնագետ՝ Եղիշե Մելիքյանը, որի հետ ես մեծ հույսեր եմ կապում:
  • Հաջորդ հարցը հենց Եղիշե Մելիքյանի մասին էր:
  • Մինչ նրան հրավիրելն անձամբ չեմ ճանաչել: Նպատակահարմար գտա, որ հրավիրենք դրսից հայ մասնագետի, քան արտասահամանցու: Գնացինք այդ քայլին, քանի որ կարծում եմ՝ մեր մասնագետները պակաս ուժեղ չեն, քան նրանք, որոնց կարող ենք հրավիրել: Հրավիրեցինք Եղիշե Մելիքյանին, ինքը ընդունեց հրավերը և հուսով եմ, որ նա մեր բոլորի սպասելիքները կարդարացնի:

  • «Ալաշկերտն» այս ընթացքում հասցրել է համագործակցության եզրեր գտնել  բրազիլական ակումբների հետ: Ինչ-որ տեղաշարժ կա՞:
  • Իրենք ցանկանում են հրավիրել մեր երեխաներին, մեր մարզիչներին: Դեմ չեն հենց իրենք ժամանել Հայաստան: Ափսոս, ամեն ինչ թարս ստացվեց, կորոնավիրուսը շատերի ծրագրերը խառնեց: Մյուս կողմից ամեն ինչ ուժի մեջ է: Հուսով եմ՝ շուտով իրավիճակը նույն Բրազիլիայում կկարգավորվի և մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համատեղ ծրագրերը:
  • «Ալաշկերտի» դպրոցում քանի՞ երեխա է մարզվում:
  • Ունենք մանկապատանեկան յոթ թիմ, մոտավորապես 150-200 երեխա ունենք:
  • Քիչ չէ՞:
  • Այսքանն է մեր հնարավորությունները: Չունենք ակադեմիա, եթե ունենայինք միանշանակ մեկ ամսում կհամալրեինք այն:
  • Նման հեռանկար կա՞:
  • Հույս ունենք Մարտունի տեղափոխվելու հարցը կլուծվի, իսկ եթե ոչ՝ մտադիր ենք տեղափոխվել Սևանի ակադեմիա:

Հայկական ֆուտբոլ, ՀՖՖ գործկոմ, ՊՖԼ

  • Բնականաբար տեղյակ եք ու հետևում եք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին: «Ալաշկերտն» այն ակումբներից մեկն է, որը ներկայացուցիչներ ունի ՀՖՖ գործկոմում…
  • Ներկայացուցիչներ չէ, ներկայացուցիչ: Ես եմ ՀՖՖ գործկոմում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչը: Ուրիշ ներկայացուցիչ չունենք:
  • Կիմ Առաքելյանն «Ալաշկերտը» չի՞ ներկայացնում:
  • Ոչ: Երբ, որ Կիմ Առաքելյանն ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ, ազատվել է «Ալաշկերտի» մարզական տնօրենի պաշտոնից: Նա հիմա հանդիսանում է «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչը գործկոմում:
  • Պարզ է: Վերադառնալով հարցին: Ինչպե՞ս եք գնահատում գործկոմի աշխատանքը:
  • Ընդհանրապես կապ չունի, թե ֆեդերացիայում ովքեր են ընդգրկված: Կարևորն այն է, որ ովքեր էլ որ կան մտածեն միայն ֆուտբոլի մասին: Այո, իմ կարծիքով այս պահին այնտեղ կան մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ մտածում են ֆուտբոլի մասին, իսկ մինչ այս եղել է գործկոմ, որ չգիտեիր էլ, թե ովքեր են: Տեսանք, մեկ տարի գործկոմ ունեինք, բայց մարդիկ անգամ խաղերին ներկա չէին լինում:
  • Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած տարիներին նույնպես եղել եք ՀՖՖ գործկոմի անդամ: Համեմատականներ կարո՞ղ եք տանել:
  • Այն ժամանակ էլ մտածում էին ֆուտբոլի մասին, հիմա էլ մտածում են ֆուտբոլի մասին:
  • Պրոֆեսիոնալ լիգա պե՞տք է մեզ:
  • Թիմերը պետք է միասին որոշեն: Ֆեդերացիան պատրաստ է այդ քայլին գնալու: Երբ թիմերը կորոշեն միասին ստեղծել լիգա, ապա ֆեդերացիան ուրախ կլինի աջակցել այդ գործին:
  • Որպես ակումբի ղեկավար, սեփականատեր ու անհատ ի՞նչ եք մտածում հարցի շուրջ:
  • Ինձ թվում է՝ դեռ շուտ է Հայաստանում այդ մասին մտածելու համար: Մեծ ծախսեր են, մեծ հարցեր են, որոնք թիմերն իրենց վրա պետք է վերցնեն:
  • Մինչ այդ պետք է ակումբի ղեկավարները լավ հարաբերությունների մեջ լինեն միմյանց հետ:
  • Որպես «Ալաշկերտի» ղեկավար ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Ջևան Չելոյանցի, Արթուր Սողոմոնյանի, Թովմաս Գրիգորյանի, Արման Սահակյանի և ընդհանրապես բոլորի հետ: Թերևս միայն մեկ բան կարող եմ ասել, կոչ անել, որ բոլորով համախմբվենք ֆեդերացիայի շուրջ, որպեսզի ֆուտբոլն առաջ գնա: Ֆեդերացիան մեկ նախագահ է ունենում, հիմա ունենք: Թե չէ ամեն մեկը կանգնում է ու ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ: Դա է խանգարում հիմնականում:
  • Ուզում եք ասել, որ բոլոր ղեկավարները ցանկանում են…
  • Դե ոչ բոլորը, բայց կան մարդիկ, որոնք ցանկանում են: Մենք ունենք ընտրված նախագահ: Այ, երբ կգա ընտրությունների ժամանակն, այդ ժամանակ կտեսնենք: Գործկոմում պատահական մարդիկ չեն: Եթե կտեսնենք, որ թերացել է, կասենք հարգելի նախագահ դու քո գործում թերացել ես, քեզ հաջողություն: Որպես գործկոմի անդամ սա կարող եմ ասել:
  • «Շիրակի» նախկին նախագահը հեռանալիս ասաց, որ լքում է պաշտոնը, որպեսզի նման շահարկումներ չլինեն:
  • Դա Արման Սահակյանի գործն է և այս հարցի հետ կապված ես ոչինչ չունեմ ասելու:
  • Լեգեոներների լիմիտ հետ կապված ի՞նչ կասեք:
  • Երևի միակ ակումբի ղեկավարն եմ, որն ի սկզբանե բարձրացրել է այս հարցը: Նույնիսկ պարոն Հայրապետյանի ղեկավարած տարիներին ասում էի, որ առնվազն պետք է լինի 50/50: Ընթացքում հասկացանք, որ դա միանգամից չի լինում, քանի որ ֆուտբոլը բիզնես է, եվագավաթային խաղեր կան: Այն ինչ ունեինք և ունենք, դեռ հնարավոր չէ դրանով լուրջ հարցեր լուծել և լեգեոներների կարիք մեր ակումբները դեռ շատ ունեն: «Արարատ-Արմենիան» օրինակ անցած տարի դրա վառ օրինակն է: Պարզ է, որ միայն հայ տղաներով նման արդյունքի դժվար էր հասնելը: Հիմա նոր որոշում է կայացվել, որ դաշտում առնվազն երկու հայ խաղացող պետք է լինի: Հույս ունեմ, որ գալիք տարի թիվն ավելացնելու հնարավորություն կունենանք:
  • Այսինքն այն լիմիտը, որն այս պահին սահմանված է և գործում ձեզ գոհացնում է:
  • Ինձ չի գոհացնում, բայց ստիպված ենք այս պահին բավարարվել դրանով: Մենք հայ տղաների խնդիր թիմում չունենք, բայց խոսքը վերաբերում է այն թիմերին, որոնք դրսից լեգեոներներ են բերել և չունեն շատ հայ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով ամենաճիշտ տարբերակն այն է, որ հիմնական կազմում լինեն հինգ հայ և վեց լեգեոներ, բայց հիմա նման բան հնարավոր չէ, քանի որ այդքան խաղացող չունենք: Հետո դա արհեստականորեն կբարձրացնի հայ խաղացողների աշխատավարձերի չափը: Նույնիսկ այս տարի արդեն նման խնդրի բախվել ենք: Կային տղաներ, որոնց հետ պայմանավորվել էինք, բայց այլ թիմերից ավելի շատ առաջարկեցին և ձեռք բերեցին նրանց: Դա կլինի «հայկական հիվանդություն»: Ճիշը է, վատ չի լինի, որ հայ խաղացողը շատ ստանա, բայց մեխանիկորեն ինքը սկսելու է շատ պահանջել, քան ստանում է լեգեոները: Սա այն դեպքում, երբ իրոք կան լեգեոներներ, որոնք արժանի են իրենց ստացած գումարին, իսկ եթե հավասարություն պետք է լինի, ապա ավելի լավ է շատ գումարը տանք հայ տղաներին, որ նրանք խաղան հայկական թիմերում:
  • Հաջողություն ձեզ եվրագավաթներում
  • Հաջողություն մեր բոլոր թիմերին: Այսօր «Արարատ-Արմենիային», օրեր անց մեզ, «Շիրակին», «Նոային»: Ֆուտբոլը լավ խաղ է: Մենք բոլորս պետք է աշխատենք միասնական: «Շիրակը», «Ալաշկերտը», մյուս, մյուսը, եթե լինեն համերաշխ… ձեր նշածը, որ նախագահներն իրար հետ չունեն: Պետք է աշխատել, նույնիսկ ամիսը մեկ անգամ կարելի է հանդիպել, ջան ասել, ջան լսել և փորձել հնարավորության դեպքում մեկը մյուսին օգնել, ոչ թե խանգարել:
  • Այդ դեպքում գուցե դուք հանդես գաք որպես նախաձեռնող:
  • Մեծ սիրով: Տեսնենք ինչ է լինում, տասը ակումբի ղեկավարներին կհրավիրենք, ֆեդերացիայի ղեկավարությանն էլ: Միասին կնստենք, հարցեր կլինեն կքննարկենք: Այդ ուղղությամբ անպայման կաշխատեմ ու կփորձեմ դա կազմակերպել:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth