Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»- «Օմոնիա». հանդիպումից առաջ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»- «Օմոնիա». հանդիպումից առաջ

Մարզչի համար բարդ է վերլուծել մրցակցին ու նրա խաղը, երբ վերջին անգամ թիմը պաշտոնական հանդիպումներ անցկացրել է ամիսներ առաջ: Այս տեսանկյունից Դավիդ Կամպանյային չի կարելի նախանձել, մինչդեռ նրա գործընկերն «Օմոնիայից» մրցակցին գործի մեջ տեսնելու հնարավարություն ունեցել է: Կիպրոսյան լրատվամիջոցներն արդեն հասցրել են անդրադառնալ Հայաստանի չեմպիոնի վերջին պաշտոնական մրցելույթներին և համեմատականներ անցկացնել: Ընդգծում են՝ եթե «Օմոնիան» խաղա այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր մինչև համավարակը, իսկ «Արարատ-Արմենիան» հանդես գա այնպես, ինչպես սուպերգավաթային ու առաջնության առաջին տուրի խաղում, ապա հաջորդ փուլ անցնելու կիպրոսցիների հնարավորություններն ավելի մեծ կլինեն:

«Օմոնիա»

Նույնիսկ կիպրոսյան լրատվամիջոցներն են տարակուսանքի մեջ, թե ինչու իրենց չեմպիոնը որոշել է գաղտնի պահել այն խաղացողներին, որոնք մեկնել են Երևան: Այդուամենայնիվ պնդում են, որ ըստ ամենայնի հաշվետու խաղը բաց կթողնի կիսապաշտպան Ֆոտիս Պոպուլիսը: Ըստ տեղեկությունների՝ ունի մկանային խնդիրներ: Սա նշանակում է, որ «Օմոնիայի» նորվեգացի գլխավոր մարզիչ Հենինգ Բերգը ստիպված է լինելու գնալ որոշակի վերադասավորումների: Կիպրոսից չեն բացառում, որ ընդհուպ բանը կարող է հասնել խաղային սխեմայի փոփոխության: Իսկ Պոպուլիսը ոչ ավելի ոչ պակաս կարևոր դերակատարում ունի թիմում, մասնավորապես խոսքը վերաբերում է ենթահարձակվողի դիրքին՝ երկու եզրայինների միջև:

«Օմոնիայի» գլխավոր մարզիչ Հենինգ Բերգի և ֆուտբոլիստ Ջորդի Գոմեսի նախախաղային մամուլի ասուլիսը

Կիպրոսում գրեթե չեն կասկածում, որ Բերգն Երևանում կնախընտրի խաղը սկսել 4-2-3-1 համակարգով, թեկուզ առանց Պոպուլիսի, որի դերը նշված համակարգում բավականին կարևոր է: Եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, ապա հնարավոր է երկու տարբերակ այս դեպքում: էրիկ Բոտիկը կարող է փակել Պոպուլիսի դիրքը, Տյագո Ֆերեյրա դոս Սանտոսը և Հարիս Մավրիասը կգործեն եզրերից, իսկ հարձակման սուր ծայրում կխաղա Անդրոնիկոս Կակուլիսը: Չի բացառվում նաև Կակուլիսն ու Տյագոն եզրերից, Բոտիկը «տասը համարի դիրքում», իսկ հարձակման կրակագծում Միխալ Ջուրիշի տարբերակը: Հնարավոր է նաև Տյագոն «տասը համարի դիրքում» տարբերակը, սակայն սա քիչ հավանական է: Հնարավոր է նաև, որ Բերգը կորոշի ռիսկի դիմել և խաղալ 4-4-2-ով՝ Ջուրիշն ու Կակուլիսը հարձակման գծում: Մյուս կողմից դժվար է կարծել, որ նորվեգացին նման քայլի կգնա պաշտոնական առաջին խաղում այն էլ տնից հեռու:

«Արարատ-Արմենիա»

Ինչքան որ բարդ է Կամպանյայի համար վերլուծել գրեթե անծանոթ մրցակցին, այդքան բարդ է մեզ համար այս պահին հասկանալ Կամպանյայի մտահղացումները: Տպավարություն է՝ կարծես մարզիչը խաղադաշտ դուրս գալուց հետո է միայն կողմնորոշվում խաղային սխեմայի հարցում: Մյուս կողմից որոշակի պատկեր այդուամենայնիվ նկատվում է: Իսպանացին նախընտրում է երեք պաշտպանով խաղը և եթե դա պարզապես խաբկանք չէ, ապա մեծ է հավանականությունը, որ այս անգամ ևս նման պատկերի ականտես կլինենք: Գրեթե վստահ կարելի է ասել, որ այդպես էլ կլինի, եթե «Օմոնիան» այնուամենայնիվ որոշի խաղալ 4-2-3-1-ով:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի և ֆուտբոլիստ Յոան Գուֆրանի նախախաղային մամուլի ասուլիսը

Այսինքն, ոչ մի կերպ պարտադիր չէ վերահսկել գնդակի տեղաշարժը, փոխարենը հարկավոր է ճնշում գործադրել: Թե ինչքանով են պատրաստ արարատցիները նման աշխատանք կատարելուն, կրկին հարցական է: «Նոայի» հետ սուպերգավաթային մրցավեճն այս առումով շատ բան է ասում: Մասնավորապես 120 րոպեում Կամպանյայի սաները կատարել են 974 տեխնիկատակտիկական գործողություն, 741-ը հաջող: Ստեղծել են ընդհանուր հաշվով գոլային 4 պահ, խփել են 1 գոլ: «Նոան» տեխնիկատակտիկական գործողությունների ավելի քիչ ցուցանիշով, բայց ճշգրտության գրեթե նույն արդյունքով կարողացել է ստեղծել գոլային հինգ պահ ու խփել երկու գոլ:

Հանդիպումը

«Օմոնիայի» հնարավորությունները Կիպրոսում շատ բարձր են գնահատում և շատերը համարում են, որ թիմի բախտը բերել է վիճակահանության հարցում: Ավելին, վստահ են՝ եթե չլիներ համավարակն ու դադարը և թիմին որպես մրցակից բաժին հասներ «Արարատ-Արմենիան», ապա դիմակայության հաղթողի հարցում որևէ կասկած չէր լինի: Ընդհանրապես, Կիպրոսի չեմպիոնի մասին սեփական լրատվամիջոցները շատ լավ են արտահայտվում: Որոշները հույս ունեն, որ իրենց համար պատմական մրցաշրջան է լինելու:

Վիճակահանությունից հետո ինչ-որ առումով հակառակ արձագանքն եղավ Հայաստանում: Ասել է, թե մրցակցի հարցում բերել է հենց «Արարատ-Արմենիայի» բախտը: Ընթացքում ալիքը թուլացավ և դրա հիմնական պատճառը թիմի ցույց տված ֆուտբոլի որակն ու գրանցած արդյունքներն էին վերջին խաղերում:

Պարզ է, որ հեշտ չի լինելու ոչ մեկին, ոչ մյուսին: «Արարատ-Արմենիան» բավականին լավ կազմ ունի և պարտավոր է պայքարել հաջորդ փուլ անցնելու համար: Առանց սեփական երկրպագուների, բայց խաղալու է տանը, ինչը միանշանակ առավելություն է: Այս առումով ավելի բարդ վիճակում է մրցակիցը:

Հիշեցնենք, որ մրցավեճը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և սկսվելու է Երևան ժամանակով ժամը 19:00-ին: Խաղն ուղիղ եթերում ցուցադրելու է Առաջին ալիքը:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth