Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար

Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար

Օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տնտեսական ծրագրերին։

Նախարարը մանրամասն  անդրադարձել է նախարարության կողմից մշակված և կառավարության կողմից օգոստոսի 13-ին հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումներին։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։

«Սա ոլորտին զգալի աջակցություն է և մենք ունենք նաև ազդակներ, գնահատականներ մասնավոր հատվածից, որ այս աջակցությունը մեծ չափով կօգնի իրենց գործունեությունը ճիշտ պլանավորելու և դժվարությունները հաղթահարելու հարցում։ Մի շարք քննարկումներ ենք  անցկացրել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների և անմիջապես  կազմակերպությունների հետ և եկել եզրակացության, որ կազմակերպություններն իրենց առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը տեսնում են անձնակազմի և աշխատատեղերի պահպանումը։ Ունենք մի իրավիճակ, երբ կազմակերպություններն ունեն ավելի քան կիսով չափ կրճատված շրջանառություն և, մյուս կողմից, ցանկություն պահպանել իրենց  աշխատատեղերը և, չնայած դժվարություններին, շարունակել գործել։ Թիրախը կոլեկտիվի պահպանումն է։ Վստահ ենք, որ 23-րդ միջոցառումը կօգնի, որ կազմակերպությունները պահպանեն իրենց կազմը և, առաջիկա դժվարություններին դիմանալով, կհասնեն գործունեության վերականգնման անհրաժեշտ ցուցանիշներին», – ասել է Էկոնոմիկայի նախարարը։

24-րդ միջոցառման նպատակն է օժանդակել գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող  տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

«Թիրախավորել ենք հատկապես խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերպություններին և ֆերմերային տնտեսություններին օգնությունը։ Այս տարին տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկայում ունեն վաճառքի կրճատում։ Աջակցության առանձնահատուկ պայմաններից է այն, որ ֆինանսական գումարը ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել է աշնանացան ցորենի ծրագիրը՝ հավելելով, որ այն առանձնահատուկ նպատակ ու կարգավորման եղանակներ ունի:

«Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում ցորենի աճեցման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը ոչ որակյալ սերմի օգտագործումն է, ինչի արդյունքում արդյունավետությունն էապես ընկնում է: Եվ հատկապես առավել փոքր ծավալով գյուղատնտեսություն վարող տնտեսություններում է խնդիրն առկա: Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա տարում խրախուսելու և ֆինանսապես աջակցելու է բոլոր գյուղացիական տնտեսություններին, որոնք կորոշեն, որ որպես սերմացու օգտագործելու են ոչ թե իրենց պահած սերմացուն, այլ սերմացուն ձեռք են բերելու շուկայում առկա՝ որպես սերմացու վաճառող մատակարարներից»,- շեշտել է նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ որակյալ սերմացուն պարենային ցորենից ավելի բարձր արժեք ունի՝ մոտ 100-120 դրամ, դրա համար էլ հայտարարվել է, որ սերմացու գնելու դեպքում, եթե շուկայում մատակարարը վաճառում է գյուղացիական տնտեսությանը և իր գործունեությունը վարելու է 2-20 հեկտար մակերեսի վրա, ապա յուրաքանչյուր կիլոգրամ ցորենի համար 70 դրամը կվճարի Կառավարությունը:

«Գյուղատնտեսության ոլորտի վարկավորման աջակցությունից օգտվել են 21446 շահառուներ։ Այսինքն՝ որքան էլ մենք մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում կազմակերպությունների վարկունակության որոշումը կայացնելուց առաջ, այս 21446 թիվը նշանակում է, որ մենք ունենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսվարողներ, որպեսզի նրանք կարողանան օգտվել գյուղատնտեսական աջակցության ծրագրերից: Ինչ վերաբերում է մասնավորապես երեկ կայացած որոշմանը, ապա մենք ունենք նաև այդ նոր կազմակերպությունների ցանկը, որոնք օգտվում են արտոնյալ վարկավորման շրջանակներից։ Եվ բոլոր քննարկումները ցույց են տալիս, որ թե՛ բանկային համակարգը, թե՛ տնտեսվարողներն այդպիսի պայմաններով կարողանալու են ներգրավել բավարար դրամական միջոցներ»,- հավելել է նախարարը:

Էկոնոմիկայի նախարարը հակիրճ ներկայացրել է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ, երրորդ և տասնիններորդ միջոցառումների իրականացման ընթացքը։

Ամփոփելով ասուլիսը՝ նախարարն իր եզրափակիչ խոսքում ասել է․ «Շարունակելու ենք ոլորտային հանդիպումները, լսելու ենք կազմակերպությունների առանձնահատուկ խնդիրները։ Որոշել ենք թիրախավորել յուրաքանչյուր ոլորտին առանձնահատուկ հարցերը և մեր առաջիկա աջակցության միջոցներն ուղղել առաջացող կամ արդեն իսկ առկա, լուծում սպասող հարցերին կետային, թիրախային եղանակով լուծում տալուն»։

Տեղեկատվություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տնտեսական ծրագրերի վերաբերյալ

wp-apeth