Կառավարությունը նախատեսում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը

Կառավարությունը նախատեսում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ այդմ առաջարկվում է ամբողջացնել 1991-2019թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի մասնավորեցմամբ: Հիմնավորման համաձայն՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով 2003-2015թթ. ընթացքում «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 166 անձանց տրամադրվել են բնակարաններ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման համաձայն բնակարանները տրամադրվում էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, որի համաձայն տվյալ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել օրենքով սահմանված կարգով կամ տրվել վարձակալության: Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այն կետին, որով նախատեսվում էր նաև բնակարանի մասնավորեցման հնարավորություն: Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթացուցակում ներառված և բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար նախատեսվում է բնակարանային խնդիրները լուծել բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով: Ընդ որում, այդ նորմը տարածվում է նաև մանկատների 2014-2019թթ. շրջանավարտների վրա: Բնակարանի գնման վկայագրով հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք ներկայումս հայտնվել են անհավասար պայմաններում: 2003-2015թթ. մանկատան 166 շրջանավարտների բնակարանային խնդիրը լուծվել է 10 տարվա անհատույց վարձակալության պայմանագրի միջոցով, իսկ ներկայումս մանկատան շրջանավարտներին բնակարանները տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով: Միանման մոտեցման անհրաժեշտությամբ պայմանավորված առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակում շահառու ճանաչված 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին, իսկ 3 շրջանավարտներին առաջարկվում է տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած շենքերի տեխնիկական վիճակը դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության և այդ շենքերն անհատույց օգտագործման պայմանագրով զբաղեցրած անձինք իրենց դերակատարումը չունեն շենքերի այդ վիճակում հայտնվելու հարցում:

Քննարկվող թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի կարևորությունը: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում»,— ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առումով պետք է ճշգրտել կառավարության ռազմավարությունները և գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է: Մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, բայց իրականում արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն: Մենք կարող ենք 5-10 տարի հետո գնալ և ուսումնասիրել այդ դեպքերը, տեսնել այդ մարդկանց հետ ի վերջո ինչ է տեղի ունեցել: Շատ քիչ դեպքեր, ցավոք, կտեսնենք, երբ մարդն այդ ճանապարհով ի վիճակի է եղել, կարողացել է իր բարեկեցությունը և իր երեխաների ապագան ինչ-որ ձևով ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

wp-apeth