Աջակցություն կստանան զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսավարողները

Աջակցություն կստանան զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսավարողները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ և քսանչորսերորդ միջոցառումները:

23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Միջոցառմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշման նախագիծը բավականին երկար ժամանակ ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է կառավարությունում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտը մեծ վնասներ է կրել, և կառավարությունն այս ձևով փորձում է աջակցել, որպեսզի այդ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգնումը՝ մոտավոր ժամկետը 2021 թ. ապրիլն է: «Այստեղ վիճահարույց մի քանի հարցեր են եղել: Առաջինը եղել է հետևյալ հարցադրումը, որ այսօր, օրինակ, մարզերում այդ հյուրատները, հյուրանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, մյուս պարագայում՝ Երևանում գրեթե զրոյական է: Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ես այս մտահոգությունը, քանի որ ենթադրում եմ որոշման ընդունումից հետո էլ այդպիսի շեշտադրումներ կլինեն, ուզում եմ արձանագրել: Ըստ էության, մենք այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Եթե, օրինակ` մարզային որևէ մի այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, ունի շահույթ, հաճախորդներ, ապա այս աջակցությունը կօգնի վերջինիս, ասենք, մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել, իսկ վատ վիճակում գտնվողներին կօգնի աշխատատեղերը պահպանել: Այսինքն՝ իրականում այս աջակցության վերջանական շահառուները ոլորտի աշխատողներն են, որոնց մենք այսպիսով օգնում ենք աշխատատեղերը պահպանելու հարցում:

Նաև այսպիսի մի տրամաբանություն կար, թե կան բիզնեսներ, ոլորտի ընկերություններ, որոնք այս ընթացքում այդքան էլ շատ չեն տուժել և կան որ շատ են տուժել: Եվ ինչքանով է ճիշտ շատ և քիչ տուժածներին նույն չափ օգնել: Այստեղ էլ մենք հետևյալ փաստարկն ունենք, որ հնարավոր է՝ կան ոլորտի ընկերություններ, ովքեր ստեղծագործական և ստեղծարար ինչ-որ ծրագրերով կարողացել են այս ճգնաժամի պայմաններում ավելի լավ վիճակում գտնվել, քան մյուսները, որոնք այդքան ստեղծագործաբար չեն մոտեցել խնդրին: Եթե մենք միայն շատ տուժածի չափանիշը դնենք, կստացվի, որ ստեղծարար բիզնեսին մենք ասում ենք՝ քանի որ դու ստեղծարար ես, մենք չենք ուզում քեզ աջակցել, իսկ մյուսը, որ պակաս ստեղծարար է, նրան կաջակցենք, ինչը մեր տրամաբանությունից դուրս է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ առաջարկը, ըստ վարչապետի, եղել է զրկել այս աջակցությունից այն ընկերություններին, որոնք տեսչական մարմինների ստուգումներով պարզվում է հակահամաճարակային կանոնները չեն պահպանում: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պետք է լծակ ունենանք դուրս թողնելու ծրագրից այն ընկերություններին, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն այդ հակահամաճարակային կանոնները: Շատ կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական: Այս աջակցության ծրագրով մենք օգնում ենք, որպեսզի այդ բիզնեսը շարունակի գոյություն ունենալ, բայց ճիշտ չի լինի, եթե այդ բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

24-րդ միջոցառման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու, խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման պայմանները բարելավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի պայմաններում կատարել մի շարք փոփոխություններ: Արդյունքում՝ խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։ 2020 թ-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկերը կտրամադրվեն, մասնավորապես, հետևյալ պայմաններով՝ ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս պարագայում էլ ի վերջո աջակցման միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները. «Այսպիսով աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ են ապահովում, նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այս տարի խաղողի մթերումը լիարժեք իրականացնելու համար»:

Վարչապետն անդրադարձել է կառավարության նախկինում ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումներին և նշել. «Երեկվա դրությամբ շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ: Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք ավելի լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսությանը, բիզնեսին և մի քանի այլ ոլորտների: Իհարկե, մենք այստեղ նաև ծրագրերին աջակցել ենք նաև այնքանով, որ սուբսիդավորել ենք մի շարք բազմաթիվ ծրագրերով, ներառյալ՝ կրթական: Եվ տնտեսական միջոցառումների շրջանակում կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ է տրամադրվել բիզնեսին: Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»:

wp-apeth