Կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել

Կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս անդրադարձել է  այն դժգոհություններին, ըստ որոնց՝ քաղաքացիները տուգանվում են դիմակ չկրելու համար։ «Դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել: Այն ժամանակ մենք ասում էինք՝ «Կրիր դիմակ փրկիր կյանքեր», հիմա հույս ունեմ մահերը կզրոյանան և կասենք՝ «Կրիր դիմակ մի տուգանվիր» մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծվեն: Եվ այստեղ կրկին ու կրկին մեր թիվ մեկ գործընկերը քաղաքացին է, ում հորդորում ենք, խնդրում ենք, կոչ ենք անում ականջալուր լինել: Այս լավատեսական լուրերը և իրավիճակը, որ մենք ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունը և կարգապահությունը, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ այդ կարգապահությունը տալիս է արդյունք և հետևաբար պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը: Սա է այն օրակարգը, որը մենք պետք է լուծենք:

Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրությունը, ներառյալ միջին մասնագիտական կրթությունը բացել, իսկ բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Այստեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է, և մեր հիմնական ռիսկը դա է: Եթե մենք կանոնները պատշաճ կատարենք, իրավիճակը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի, բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի՝ մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,-նշել է վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին արհամարել դիմակների և զանազան դավադրությունների տեսությունների հետ կապված բոլոր խոսակցությունները: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի առումուվ ապահովվել է 100 տոկոս թափանցիկություն:

wp-apeth