Գյուղական անօթևանության խնդիրը Շիրակի մարզում շուտով վերջնական լուծում կստանա

Գյուղական անօթևանության խնդիրը Շիրակի մարզում շուտով վերջնական լուծում կստանա

Մեկնարկել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիզարյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Ախուրյանի Բասեն բնակավայր, որտեղ այսօր սկսվել են բնակելի տների հիմքերի փորման աշխատանքները։ Բասենում կառուցվելու է 5 բնակելի տուն։ Մարտիկյանների բազմանդամ ընտանիքը երկար սպասումից հետո շուտով անվտանգ ու բոլոր հարմարություններով սեփական տուն կունենա, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Մեզ համար շատ ուրախալի է, որ բնակելի տների կառուցման այս ծրագրում մասնակցություն ունեն հենց իրենք բնակարանատերերը, նրանք կարող են հետևել աշխատանքներին, մասնակցել դրանց, ինչը կբացառի շատ խնդիրներ ինչպես որակի, այնպես էլ ժամկետների հետ կապված։ Այս ծրագիրը հնարավորություն է մեր գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների համար մնալ իրենց հարազատ միջավայրում, կառուցել իրենց տունը պետության աջակցությամբ, չկտրվել ծննդավայրից։ Իսկ Շիրակի մարզպետարանն ամեն ինչ անելու է՝ լիազորությունների շրջանակներում, այս ծրագրի իրականացման ընթացքում թերությունները բացառելու ուղղությամբ,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ընդհանուր առմամբ մարզի 8 գյուղական բնակավայրում կառուցվելու է 55 բնակելի տուն (Ջաջուռ-1, Մայիսյան-4, Շիրակ-3, Մարմաշեն-3, Բասեն-5, Սառնաղբյուր-8, Գուսանագյուղ-3, Ջրաձոր-28)։

«Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը արդեն սկսել է 21 բնակելի տների կառուցման իմքերի փորման և բարձր պատրաստվածություն (շուրջ 80%) ունեցող 4 ընտանիքի կիսակառույցների ավարտին հասցնելու շինարարական աշխատանքները:

wp-apeth