Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին

Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին:

Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն:

Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ:

Հստակեցվում են հիմնական կարիքները՝ որոնց շրջանակներում էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:

Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում (www.himnadram.org հասցեով):

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար:

Ասեմ նաև՝ այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու: Պարոն Ավինյան, այս ընթացքում մենք արդեն որոշակի նախապատրաստվել ենք՝ ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ: Արդեն իսկ որոշվա՞ծ է ամեն ինչ»:

Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Այո, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և կարծում եմ՝ մինչև օրվա վերջ ամբողջական կունենանք և՛ այն օգնության չափաքանակն ու տեսակը, և՛ ժամկետները: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը: Մի քանի տարբերակներ այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»:

wp-apeth