Մարուքյանը դիմել է Ցոլակյանին. ԱԻՆ մասնագետներն այցելել են «Վանաձոր Քիմպրոմ»

Մարուքյանը դիմել է Ցոլակյանին. ԱԻՆ մասնագետներն այցելել են «Վանաձոր Քիմպրոմ»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ այսօր գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։

«Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն։

Ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։ Եվ սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։

Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը։ Պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է Մարուքյանը:

Ավելի ուշ Մարուքյանը հայտնել է, որ այսօր արդեն ԱԻՆ մասնագետներն այցելել են «Վանաձոր Քիմպրոմ» և ուսումնասիրել իրավիճակը: Ավելի մանրամասն տեղեկություններ իր գրության պատասխանում կլինի, որը պատգամավորը կհրապարակի ստանալուն պես:

Լոռու մարզպետարանից նույնպես անդրադարձել են թեմային և տվել պարզաբանում:

«Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն:

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խնդրի հետ կապված քննարկում է ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը»,- նշել են մարզպետարանից:

wp-apeth