Դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները

Դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով:

Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը մոտենում է մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին: Վարչապետի խոսքով՝ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակն այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ:

«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:

«Մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից, վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,— շեշտել է վարչապետը:

wp-apeth