Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝  հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակի կապակցությամբ

26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագրի անժամկետ բնույթը։

Տվյալ եռակողմ փաստափուղթը, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար և մինչ օրս խաղաղ գործընթացի հիմք են ծառայում։ Որպես ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղադրիչներ, վերոնշյալ համաձայնագրերը եռակողմ բանակցային ձևաչափի արդյունավետության լավագույն ապացույցն են, որի շրջանակներում էլ հնարավոր դարձավ դրանց ձեռքբերումը։

Ցավոք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի փորձերին՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից և իրեն իրավունք վերապահելու՝ պատերազմ սանձազերծել, ինչպես նաև խափանելու նշված համաձայնագրերի գործողությունը, որոնք ընկած են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում։ Սակայն, նմանատիպ փորձերը մշտապես հանդիպել են միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին։

2016 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման և 1994 թ. մայիսի 12-ի Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու պաշտոնական Բաքվի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ արեցին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորություններին՝ դրանով իսկ ճանաչելով 1994-1995 թթ. վերոնշյալ համաձայնագրերի պարտադիր բնույթը։

Ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ուղղակի զինված ագրեսիայի և իրավիճակի հետագա միտումնավոր սրման ֆոնին ավելի արդիական է դառնում խաղաղ գործընթացի անդառնալիությունը ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հուլիսի 12-ի լարվածության սրումը ևս մեկ հիշեցում է հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականության մասին:

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ:

wp-apeth