Եվս մեկ խաղացող հեռացավ «Փյունիկից»

Եվս մեկ խաղացող հեռացավ «Փյունիկից»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ 23-ամյա ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է թիմից։ Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը։ Ավելի վաղ թիմից հեռացել էին պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, Անտոն Բելովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական, Կառլեն Մկրտչյանը, Ժոզեֆ Ադահ Օման և հարձակվող Դենիս Մահմուդովը: Ավարտվել էր վերջիններիս հետ պայմանագրերի ժամկետները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Ֆուտբոլիստի վերջին թիմն եղել է «Արարատ-Արմենիան»։ Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսական «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ Խաբարովսկ և «Բալթիկա» թիմերում:

«Փյունիկը» պայմանագիր է կնքել նաև 27-ամյա կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։ Ֆուտբոլիստի վերջին թիմն եղել է «Գանձասար-Կապանը»: Գրիգորյանը 2011-14թթ․ հանդես է եկել նաև «Փյունիկում»։ Բացի «Փյունիկից» և «Գանձասար-Կապանից», Արթուր Գրիգորյանը խաղացել է նաև «Միկա», «Ուլիս», «Ալաշկերտ» և «Արցախ» թիմերում։

«Փյունիկը» նաև երկարաձգել է պայմանագրերիժամկետները կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։ Հիշեցնենք, որ Արթուր Նադիրյանը Փյունիկի սան է։ 22-ամյա կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 50 խաղ։ Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը թիմի կազմում մասնակցել է 85 խաղի։ Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է «Փյունիկի» սան։ 18-ամյա կիսապաշտպանն անցած մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը ակումբի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

Հիշեցնենք, որ «Փյունիկում» տեղի է ունեցել նաև մարզչական փոփոխություն: Թիմը գլխավորել է 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանը։ Վերջինիս վերջին աշխատավայրն եղել է «Արարատ-Արմենիան»: Արտակ Օսեյանին օգնելու են Կարեն Սիմոնյանը (ավագ մարզիչ), Էրիկ Նազարյանը (օգնական), Վլադիմիր Վարդանյանը (դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյը (ֆիզպատրաստության մարզիչ)։ Օսեյանը փոխարինել Ռոման Բերեզովսկիին: Վերջինս ու ակումբն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

Նշենք նաև, որ «Փյունիկը» գալիք մրցաշրջանի տնային խաղերը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Ակումբը նոր մրցաշրջանի համար նախատեսել է մի շարք նորարարություններ, կապված խաղային օրվա հետ:

  • Նոր մրցաշրջանից կգործարկվի աբոնեմենտային և տոմսային նոր ծրագիր
  • Խաղերից առաջ մարզադաշտի տարածքում կկազմակերպվեն ֆան-զոներ
  • Կտեղադրվեն fan-shop-ի տաղավարներ:
  • Մարզադաշտի տարածքում կբացվեն արագ սննդի կետեր:

«Փյունիկ» ՖԱ-ն լիահույս է, որ Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները շուտով կավարտվեն և երկրպագուները կկարողանան ներկա գտնվել մեր խաղերին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հավելենք, որ «Փյունիկը» հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, որտեղ կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։ Օրեր առաջ թիմն ընկերական հանդիպում անցկացրեց ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Եվս 1 ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ։

wp-apeth