Անելիքներն ու խնդիրները Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Խմելու ջրից մինչև ասֆալտապատում

Անելիքներն ու խնդիրները Շիրակի մարզի մի շարք համայնքներում. Խմելու ջրից մինչև ասֆալտապատում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Հոռոմ համայնքում համայնքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջիկա անելիքներին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։

Հոռոմում վերանորոգվում է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, Շիրակի մարզպետարանը դեռ 2017-ին պատվիրել է եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ «Շինարար 97» կազմակերպությունը 2018 թվականին իրականացրել է շուրջ 12 մլն դրամի աշխատանք, այս տարի դեռ աշխատանքներ չեն մեկնարկել։ Մեկնարկել են նաև համայնքի ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները։ 89 մլն 476 հազար դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի կողմից, համայնքն իրականացնում է հինգ տոկոս համաֆինանսավորում։ Անցկացվելու է մոտ 3 կմ ոռոգման ցանց։

Շիրակի մարզպետն այցելել է նաև Վարդաքար և Նոր Կյանք համայնքներ։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է համայնք — պետություն համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերով հնարավոր կլինի քայլ առ քայլ լուծել տարիներ շարունակ կուտակված հիմնահարցերը։ Նոր Կյանքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետությունը կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:
Մարզպետը զրուցել է համայնքների բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, հորդորել պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բերքահավաքին, ինչպես նաև պետության կողմից ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին և մարզի գյուղացիական տնտեսությունների այդ ծրագրից օգտվելու հնարավորություններին։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Փանիկ համայնք, հանդիպել համայնքաբնակներին, համայնքապետարանի պատասխանատուներին, ավագանու անդամներին։ Համայնքի բնակիչները կարևորել են ոռոգման և խմելու ջրի խնդրի լուծումը։ Այստեղ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են համայնքապետարանի շենքի և տանիքի վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը հատկացնելու է պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ «Երբ համայնքներում տեսնում ենք աշխատանք, տեսնում ենք հոգատարություն և սրտացավություն, վստահորեն կարելի է ասել, որ ցանկացած խնդրի լուծում հաղթահարելի է, որովհետև պետությունը և մարզային իշխանություններն ունեն հաստատակամություն կանգնելու համայնքների կողքին և համատեղ աշխատանքով լուծելու կուտակված խնդիրները»,- հանդիպման ժամանակ նշել է Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետն այցելել է նաև Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան, որտեղ պահպանվում են գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են այս բնակավայրերում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարեհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն:
Մեղրաշեն համայնքում Տիգրան Պետրոսյանը հետևել է համայնքի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքների ընթացքին։ Դեռ 2019-ից մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլն դրամ է, պետությունը տրամադրել է գումարի 40 տոկոսը։

Ընթացքի մեջ են նաև համայնքի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ «Շեն» բարեգործական հիմնադրամի, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի և համայնքի համատեղ ջանքերով մարզադահլիճից զատ կնորոգվեն հանդերձարանները, մարզական գույք ձեռք կբերվի, կանցկացվի դպրոցի կոյուղին։

wp-apeth