25 մլն դրամ՝ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար

25 մլն դրամ՝ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը և ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Աշխատանքներին կներգրավվեն տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Գումարի մի մասը կհատկացվի կանխավճարով՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք: Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ: Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»:

Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։ «Ինչպես ընդունված է ասել, որ օրինակ՝ անցման այդ սահմանային, անցագրային կետերից է սկսում երկրից առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը մենք պետք է իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի դիմակայունության, մեր երկրի մարտունակության և մրցունակության ամենակարևոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը: Իհարկե, ես չեմ ուզում, որ մենք ակնկալիքների շատ բարձր նշաձող դնենք, որովհետև դա 1-2 օրում տեղի չի ունենա, դա երկարատև աշխատանք պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչներն այս ոգին, այս տրամադրությունը, այս գործելակերպը պետք է զգան, և դա պետք է սկսվի օր առաջ, րոպե առաջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս քաղաքականությունն առաջ տանելու համար աշխատելու է հետևողական:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական և քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի: «Բայց այստեղ խնդիրը միայն շենքեր և շինությունները չեն, խնդիրը այդ համայնքների կյանքի, առօրյայի, աշխատանքի բովանդակությունն է: Մենք պետք է արձանագրենք՝ մարդը ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն: Մեր խնդիրն է այդ հնարավորությունները զարգացնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ այցելույթուններ ենք կատարել սահմանամերձ առավել վնասված գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի: «Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ մենք համաձայնել ենք: Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացնենք կարիքավորներին»,-ասել է Արմեն Ղուլարյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել և եկել են այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսի 12-ին և դրանից հետո ավերվել են և հնարավոր չէ դրանք վերականգնել, գործադիրը կվերականգնի պետբյուջեի միջոցներով: «Ընդ որում, վերականգնում ասելով նկատի չունենք ուղղակի սովորական վերականգնումը, այլ նկատի ունենք, որ այդ տարածքը՝ սեփականատիրոջ թույլտվությամբ պետք է ամբողջությամբ մաքրվի, ձևավորվի բոլորովին նոր միջավայր՝ բոլորովին նոր ճարտարապետությամբ: Ընդ որում, այգու հատվածում նույնպես մենք պետք է որոշակի աշխատանք իրականացնենք։ Հիմա պարզվեց, որ այդ ավերված տներից մեկում է ընտանիք ապրել, և մենք հիմա այդ հարցը մաքսիմալ արագ կլուծենք: Մյուս 2 տների դեպքում այլ մեխանիզմներով կփոխհատուցենք այդ տների համար սեփականատերերին։ Մնացած հատվածներում տեղի կունենան վերականգնման աշխատանքներ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կմշակվեն նաև գյուղերի զարգացման երկարաժամկետ նախագծեր:

wp-apeth