Վարչապետը` ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման մասին

Վարչապետը` ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման մասին

ՀՀ կառավարության հուլիսի 16-ի հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների կողմից ավելի քան 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակմանը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Այս գիշեր՝ ժամը 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Ցանկանում են ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում: Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական:

Հարգելի գործընկերներ, վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, Զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»:

Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելի է զոհված զինծառայողների հիշատակը:

wp-apeth