Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց. գործն ուղարկվել է դատարան

Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի նախկին բնակիչը՝ ծնված 1973թ., լարված ու թշնամական հարաբերություններ է ունեցել համատիրության նախագահի հետ՝ իր որդու վերաբերյալ բնութագիր չտալու պատճառով:

2019թ.մայիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, համատիրության նախագահի աշխատասենյակում վիճաբանություն է առաջացել 46-ամյա տղամարդու և համատիրության նախագահի միջև, ինչն ուղեկցվել է վերջինիս հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, որին ականատես է եղել նախագահի որդին: Լսելով մոր հասցեին հնչեցվող հայհոյանքները՝ երիտասարդը վիճաբանել է նախկինում նույն շենքում բնակվող իր 46-ամյա հարևանի հետ, որի ժամանակ քաշքշել են միմյանց, և միայն շենքի բնակիչների միջամտությամբ է վիճաբանությունը դադարել:

Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին` ժամը 20:00-ի սահմաններում, տղամարդը, շենքի բակում  տեսնելով համատիրության նախագահի՝ աշխատանքից վերադարձող որդուն, դարձյալ սկսել է հայհոյել երիտասարդին և վերջինիս մորը, որից կրկին վիճաբանություն է առաջացել նրանց միջև: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը բռունցքներով և գլխով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին հարևանի մարմնի, դեմքի և գլխի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2019թ.մայիսի 18-ին, տղամարդը մահացել է՝ ստացած հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ վնասվածքների արդյունքում զարգացած գլխուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարման հետևանքով։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth