Մեղադրանք է առաջադրվել՝ «Յունիբանկին» 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ «Յունիբանկին» 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են  վստահությունը չարաշահելու եղանակով «Յունիբանկ» ԲԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 30-ին,  իր ղեկավարած ՍՊԸ-ի և «Յունիբանկ» ԲԲ ընկերության միջև կնքված գլխավոր վարկային պայմանագրի և նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի հիման վրա, բանկից 2013-2014թթ. ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 299.151.120 ՀՀ դրամին համարժեք 760.000 ԱՄՆ դոլար վարկ՝ բանկին որպես գրավ հանձնելով ՀՀ տարածքում գտնվող մի քանի անշարժ գույք:

Այնուհետև՝ 2016թ. փետրվարի 23-ին ընկերության տնօրենը դիմել է բանկ՝ խնդրելով գրավադրված գույքերից Երևան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակելի տան փոխարեն որպես գրավ հանձնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող համապատասխան արժեքով անշարժ գույքը:

Ստանալով «Յունիբանկ» ԲԲ ընկերության համաձայնությունը՝ վերջինս նշված ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով գնահատմանն է ներկայացրել ոչ թե Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի՝ իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ գույքը, այլ նույն շենքում գտնվող համարժեք մակերեսով, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեցող անշարժ գույքը: Արդյունքում՝ Բանկի և ՍՊԸ-ի միջև 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000  դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Արարատի մարզի բնակչի անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները: 2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 19.20-ին, Արարատի մարզի Դվին համայնքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1954թ., անասուններին  տարել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող արոտավայր արածեցնելու և չի վերադարձել, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տղամարդը 2020թ. մայիսի կեսերից աշխատանքի է անցել «Զանգլիկ» կոչվող տեղանքում գտնվող անասնաֆերմայում: 2020թ. հունիսի 28-ին՝ ժամը 6-ի սահմաններում, նա ֆերմայի անասնագոմից խոշոր եղջերավոր անասունները տեղափոխել է հարակից ձորակ և ետ չի վերադարձել: Տեսնելով, որ վերջինս չի վերադառնում՝ նույն ֆերմայի անասնապահերը գնացել են նրան փնտրելու, սակայն ձորակում հայտնաբերել են միայն խոշոր եղջերավոր անասունները:

Ձեռնարկվել են որոնողական-փնտրողական միջոցառումներ, որոնց արդյունքում տղամարդը չի հայտնաբերվել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ՝ Արարատի մարզի բնակչին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով

2020թ. հուլիսի 12-ին՝ժամը 23:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն  կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երևան քաղաքի 53-ամյա բնակչի կրծքավանդակին և բազկին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձևով  ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել են արնանման հետքեր,  առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth