Գյումրիում բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել

Գյումրիում բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել

Հուլիսի լույս 10-ի գիշերը Գյումրիում բնակվող մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մտել են որդու բնակարան ու գողացել համակարգիչ և կենցաղային իրեր։ Հաղորդումն ընդունելուն պես Մուշի ոստիկաններն անցել են բնակարանային գողությունը բացահայտելու միջոցառումներին։ Բնակարանը Շիրակացու փողոցում է, մուտքի դուռը վնասված չի եղել, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ վարկած է առաջ քաշվել, որ տուն են մտել լուսամուտով, իսկ գողոնը դռնով են հանել, քանի որ, բացի համակարգչից ու կենցաղային իրերից, տնից հափշտակվել էին նաև բանալիներ։ Փաստական տվյալներ ձեռք են բերվել, որ էլի են բնակարան մտել ու գողություն արել, բայց այս անգամ դուռը բացել էին գողացած բանալիով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մուշի ոստիկանները պարզել են կասկածվողի ինքնությունը։ Շուտով հայտնի է դարձել նաև նրա գտնվելու վայրը, և Գյումրիում ապրող 32-ամյա տղամարդը հայտնաբերվել է։ Նա իրավապահներին ներկայացրել է գողությունների մանրամասները՝  հայտնելով, որ հուլիսի 2-ի գիշերը բարձրացել է շենքի տանիք, կոտրել բնակարանի խոհանոցի ապակին ու մտել տուն։ Այս դրվագից հինգ օր անց՝ հուլիսի 7-ի գիշերը, կրկին մտել է հիշյալ բնակարան՝ արդեն գողացած բանալիով բացելով դուռը։ Մի անգամ էլ է մտել, գողացել սավաններ, որոնք կապել է շենքի տանիքի ճաղավանդակից  ու մտել չբնակեցվող մեկ այլ բնակարան, սակայն այնտեղից ոչինչ չի հափշտակել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է  գողոնը. հափշտակված իրերը նրա բնակարանում էին։ Դրանք առգրավվել են։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

wp-apeth