Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ   հակառակորդի ցանկացած սադրանքի, նշված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներըՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք, նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

wp-apeth