Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել, մասնավորապես, Գյումրիում

Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել, մասնավորապես, Գյումրիում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Զգուշության և զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին և ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսավարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

ՀՀ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես այս դեպքում ևս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Միաժամանակ, հիշեցնում ենք՝ պարետի սահմանած կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ։

  • Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում : Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

ՀՀ պարետի N-113 որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:  Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել: ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում տրամադրում են խորհրդատվություն և տալիս են համապատասխան ցուցումներ:

  • ՍԱՏՄ-ն շարունակվում է կասեցնել սննդի շղթայի կարգազանց օպերատորների աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:

ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և, նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր 72 ժամով կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այստեղ խախտվել է ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը: Անակնկալ ստուգայցեր լինելու են ամեն օր՝ բացառելու համար պարետի սահմանած կանոնների շրջանցումը:

  • Բանկեր և փոստային մասնաճյուղեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։ Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։

ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման և մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները և ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։  ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։

Ամփոփ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

  • 07.06.2020-ի դրությամբ կայացվել է 2120 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
  • 07.06.2020-ի դրությամբ իրականացվել է 24005 ստուգում, որից միայն 528 -ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

wp-apeth