Երրորդը. «Շիրակի» յուրօրինակ ռևանշը

Երրորդը. «Շիրակի» յուրօրինակ ռևանշը

… երկրաշարժի տասնմեկերորդ տարելիցի օրն էր: Ժամացույցի սլաքը, կարծես, սովորականից դանդաղ էր առաջ գնում, ակնթարթը ժամ էր թվում, իսկ շատերի համար կյանքը կրկին կանգ էր առել: Օրվա հետ կապված դառը հիշողությունները կրկին խառնել էին գյումրեցու ներաշխարհը: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ մեկ ոչ մեկին չէր ուզում լսել, ամեն մեկն ամփոփվել էր իր մեջ ու ներսից ինքն իրեն էր կռծում: Փորձում էին ցույց չտալ, բայց շատերին մատնում էր արցունքախռն ձայնն ու անջատված վիճակը:

Կիրովի ճեմուղին կրկին մարդաշատ էր, բայց ամեն վայրկյանի հետ մարդիկ կարծես արագացնում էին քայլերը՝ րոպե առաջ տուն վերադառնալու համար: Երևի բոլորն էին զգում անբնական լռությունը, ոչնչի սիրտ ու հավես չկար: Քաղաքն էլ սուս ու փուս դիմավորում ու ճանապարհում էր՝ ինչ-որ տեղ իրեն մեղադրելով այդ լռության համար, որը մերթընդմերթ խախտում էին Սուրբ Յոթվերքի տարածքում կանգնած երեք հոգի: Մեկը նրանցից շատ վրդովված էր ու անընդհատ կրկնում էր.

  • — Վերևն Աստված կա, Վչո ջան…
  • — Հա բայց կսես էլի, գուզեին նիզաշտո տեղը տղեքին կոտրեին
  • — Ծո՜, մեզի գուզեին դուխից քցեն, դու կսես տղեքին: Լույսմ է մնացե, գուզեն էդ էլ գլխներիցս կդրեն:
  • — Օր ըտպես է, դե նայե ըդոնց ինչ էնենք: Մենակ ընձի չսես օր ստադիոն չբդի գաս…
  • — Խոմ դու սայլուգ չես, ջահելների կողքը մենք չկայնինք ո՞վ բդի կայնի…

Ժամեր անց մթնոլորտը քաղաքում արդեն լարված էր ու շիկացած: Մեկ օր էր անցել, բայց կարծես ինչ-որ մեկն ամեն ինչ գլխիվայր շուռ էր տվել: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար գործն իրենց ձեռքն էին վերցրել ոչ միայն իրավապահ մարմինները, այլ նաև քաղաքային ու մարզային իշխանությունները: Այնպիսի տպավորություն էր, որ կատաղած ու վրեժով լցված գյումրեցիների սիրտը շահելու համար պատկան մարմինները պատրաստ են ամեն ինչ անել: Պատահական չէ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որոշել էր հենց այդ օրը հանդիպել մարզպետ Ֆելիքս Փիրումյանի ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ առաջիկա խաղի հետ կապված անվտանգության հարցը քննարկելու, տեղի ֆուտբոլային խնդիրներն ընդգծելու ու դրանց լուծումները գտնելու համար: Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը հասցրեց նույնիսկ այցելել Տեքստիլ թաղամասում տեղակայված Գյումրու ֆուտբոլի դպրոց, որն իրենից ներկայացնում էր թիթեղյա մեկ տնակ ու ոչ մի ստանդարտի չհամապատասխանող պեմզայից տարածք, որն իր հերթին ծառայում էր որպես խաղադաշտ: Ճիշտ է, արդեն խոսակցություններ էին գնում այն մասին, որ հարակից տարածքը հատկացվելու է դպրոցին ու տեղում կառուցվելու է երկու խաղադաշտ ու մարզադահլիճ:

Անկախ ձեռնարկված միջոցառումներից՝ չէր բացառվում, որ օրը չի անցնի առանց անակնկալների: Ռիսկը, որ իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի, մեծ էր ու բոլորն իրենց փշերի վրա էին զգում: Ֆեդերացիայի պատվիրակության հետ միասին Գյումրի էր ժամանել նաև Շիրակի մարզի Ներքին Գործերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը: Վերջիններիս, ինչպես նաև հյուրընկալվող թիմին՝ « Ցեմենտին», քաղաքի մուտքի մոտ դիմավորել էին Շիրակի մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները՝ հնարավոր բախումները կանխելու համար:

Մինչ պաշտոնատար անձինք փորձում էին լարվածությունը թուլացնել, ֆուտբոլասերները պատրաստվում էին ֆուտբոլային անհավասար ճակատամարտին՝ վստահ, որ յուրաքանչյուրի պարտքն է այդ օրը լինել Քաղաքային մարզադաշտում, որտեղ մրցակցին էր սպասում ոչ թե «Շիրակը», այլ նրա դուստր թիմ համարվող «Գյումրին»՝ համալրված երիտասարդ, բայց հեռանկարային տղաներով՝ ի դեմս Վարդան Բիչախչյանի, Տիգրան Դավթյանի, Արտաշես Անտոնյանի, Արտակ Գրիգորյանի, Երվանդ Հակոբյանի, Արտյոմ Հակոբյանի:

Վերջիններիս հետ էին կապված գյումրեցի ֆուտբոլասերների բոլոր հույսերը, բայց միևնույն ժամանակ հասկանում էին, որ գրեթե անհնարինն են պահանջում: «Գյումրին» առաջնության բացահայտ հետնապահն էր ու արդեն հաշտվել էր տեղը Բարձրագույն խմբում լքելու փաստի հետ, սակայն դա չէր նշանակում, որ չեն պայքարելու խաղադաշտի ամեն սանտիմետրի ու յուրաքանչյուր գնդակի համար առավել ևս խաղին նախորդած իրադարձությունները լրացուցիչ մոտիվացիայի տեղ չէին թողել:

Չեմպիոնության համար պայքարը հասել էր կիզակետին ու նպատակին հասնելու համար «Ցեմենտը», որը առաջատար «Շիրակից» ու երկրորդ տեղում գտնվող «Արարատից» մեկ հանդիպում պակաս էր անցկացրել, պետք է սեփական դաշտում հաղթեր «Շիրակին», իսկ վերջին տուրում Գյումրիում՝ տեղի համանուն թիմին: Արարատցիներն անակնկալ պարտություն էին կրել «Զվարթնոցից»՝ մեծացնելով «Ցեմենտի» հավակնությունները, սակայն այն ինչ տեղի ունեցավ Արարատ քաղաքում՝ բացասական առումով ստվերեց ամեն ինչ:

Այն, որ մարզական առումով հեշտ չի լինելու կողմերի, հատկապես, շիրակցիների համար, պարզ էր, բայց իրադարձությունների նման զարգացում ոչ ոք չէր սպասում: Տանտերերը մտադիր էին ամեն գնով կորզել երեք միավորն ու գործի էին դրել բոլոր հնարավոր միջոցները: Տեղի երկրպագուները կարելի է ասել գլխեցին գյումրեցիներին իրենց հայհոյանքներով, քարերի հարվածներից տուժեցին անգամ հանրապետության երկրորդ քաղաքից մրցավայր ժամանած մեքենաները: Նման պահվածքով ընդունող կողմը ցանկանում էր դեռ խաղից առաջ հոգեբանորեն կոտրել մրցակցին:  Նման ճնշման տակ «Շիրակը» պատրաստվում էր դուրս գալ խաղադաշտ: Հանդերձարանում մարզչական անձնակազմը փորձում էր թուլացնել լարվածությունը, որպեսզի տղաները չտրվեն հնարավոր սադրանքներին: Որպես կանոն նման իրավիճակներում բոլորը հասկանում են պահի լրջությունն ու փորձում են կառավարել նյարդերը: Ոչ ոք չի ուզենա դառնալ որոշիչ մրցավեճի հակահերոսը, այն էլ տեղի տալով նյարդերին, բայց մյուս կողմից հնարավոր չէ նախապես իմանալ ու կանխատեսել բոլոր զարգացումները:

— Տղեք, ընձնից ինչ կանցնի կենեմ: Տո պենալ էլ էղավ կբռնեմ, դուք մենակ խաղցեք ու րոպեմ չկայնիք: Ֆսյո գնացինք…,- հանդերձարանից դուրս գալու ճանապարհին այս խոսքերով դիմեց խաղընկերներին դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը:

Արթուրի խոսքը լսելուց հետո թիմը դուրս եկավ խաղադաշտ ու նետվեց մարտի բառի նեղ ու լայն իմաստով: Շիրակցիները պայքարում էին ոչ միայն մրցակցի ֆուտբոլիստների ու երկրպագուների, այլ նաև հանդիպման գլխավոր մրցավար Սլավա Ղազարյանի հետ:  Ակնհայտ երևում էր, որ վերջինս կողմնապահություն է անում: Տեղի ու անտեղի սուլում էր ու թույլ չէր տալիս «Շիրակին» խաղալ, ամենաչնչին հպման դեպքում չէր զլանում, սուլում էր` փորձելով հունից հանել ֆուտբոլիստներին: Իր մոտեցումով բացահայտ ցույց էր տալիս, որ «Ցեմենտը» հաղթելու է, սակայն չէր ստացվում: Դեռևս առաջին խաղակեսում նա կարմիր քարտ ցույց տվեց ու հեռացրեց հյուրերի խաղացող Արարատ Հարությունյանին:  Չնայած փորձություններին՝ «Շիրակն» այնպիսի տրամադրվածությամբ էր դուրս եկել խաղադաշտ, որ ամեն գնով չպետք է պարտվեն: Ոչ-ոքին ձեռնտու էր «Շիրակին», քանի որ ակտիվում երեք միավոր ավելի ուներ: Անդրանիկ Ադամյանի սաները պատի պես կանգնել ու թույլ չէին տալիս մրցակցին մոտենալ սեփական դարպասին: Հիմնական ժամանակը վաղուց ավարտվել էր, սակայն գլխավոր մրցավարը ոչ մի կերպ չէր սուլում: Անտեղի տասը րոպեից ավելի նա թիմերին պահեց խաղադաշտում՝ մինչև չհորինեց 11 մետրանոց: Սա այն դեպքում, երբ դեռ հիմնական ժամանակում «Շիրակի» դարպասապահ Արթուր Հովհաննիսյանն արդեն մեկ 11 մետրանոց ետ էր մղել:  Այլևս անհնար էր տանել այդ ամենը, շիրակցիները հազիվ էին զսպում իրենց, սակայն սադրանքի չէին տրվում: Բանը հասավ նրան, որ «Շիրակը» ցանկանում էր թողնել խաղադաշտը՝ անավարտ թողնելով հանդիպումը, սակայն տղաները լսելով իրենց առաջատարի՝ Արթուր Պետրոսյանի հորդորը, չարեցին դա.

— Դուրս գալը լուծում չէ, տղեք: Իրանց ուզածին կհասնին, տեխնիկական կուդան ու վերջ: Մե հադմ չեն խփե, երկրորդն էլ կռնա չխփեն,- Պետրոսյանի սթափության կոչը տեղ հասավ ու թիմը մնաց խաղադաշտում:

Սակայն մրցակիցն երկրորդ փորձից չվրիպեց, ինչին հաջորդեց խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը: Խաղի հաշիվն արձանագրող տախտակին հաղթեց «Ցեմենտը», իսկ «Շիրակը» պարտվեց, բայց գյումրեցիները հեռացան խաղադաշտից միանշանակ հաղթած, որովհետև գիտեին, որ չեն պարտվել:

Տեղի ունեցածը կարելի էր մեկ բառով բացատարել՝ խայտառակություն: Ամեն ինչ այնքան բացահայտ էր ու բոլորի համար պարզ, որ անգամ «Ցեմենտի» նախագահ Աբրահամ Բաբայանն ընդունեց, որ նման չեմպիոնությունը ոչ մեկին պետք չէ: Ավելին, նա հանդես եկավ հայտարարությամբ ու առաջարկեց վերախաղարկել հանդիպումն այն բանից հետո, երբ ֆեդերացիայի գործկոմը բավարարեց «Շիրակի» բողոքը մրցավար Սլավա Ղազարյանի կողմնակալ  մրցավարության առիթով։

Որոշիչ խաղը պետք է կայանար «Ցեմենտի» ու «Գյումրիի» միջև կայանալիք հանդիպումից մի քանի օր անց, սակայն այն կկորցներ իր նշանակությունը, եթե Արարատ քաղաքի թիմը միավորներ կորցներ Գյումրիում: Երիտասարդ գյումրեցիները ցանկանում էին ոչ միայն շրխկացնել իրենց ետևից դուռը, այլ նաև յուրօրինակ նվեր մատուցել իրենց ավագ ընկերներին: «Գյումրիի» կողքին էր ոչ միայն գրեթե լեփ-լեցուն Քաղաքային մարզադաշտը, այլ նաև ողջ քաղաքը: Ֆուտբոլասերների նման բազմության նույնիսկ «Շիրակի» ոչ բոլոր հանդիպումներին կարելի էր հանդիպել:

Տղաները, զգալով աջակցությունը, պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցին բնավորություն ու համառություն, սակայն փորձի պակասն ու մրցակցի ուժն ամեն դեպքում թողեցին իրենց ազդեցությունը: «Ցեմենտը» կարողացավ երեք անպատասխան գոլ խփել, սակայն հաղթանակն ամենևին հեշտ չտրվեց նրանց: Հանդիպումը լուրջ փորձություն էր նաև երիտասարդ շիրակցիների համար, անմնացորդ նվիրվեցին, պատվախնդիր խաղ ցույց տվեցին, ձեռք բերեցին անգնահատելի փորձ, կայացան ու հասունացան, հասկացան թե ինչքան հաճելի է ու միևնույն ժամանակ բարդ ներկայացնել Գյումրին ու խստապահանջ գյումրեցուն: Քննությունն անցան՝ արժանանալով ֆուտբոլասերների ծափերին, ստացան օրհնություն ու թույլտվություն ապագայում «Շիրակը» ներկայացնելու համար:

Ֆուտբոլային դրաման սակայն չէր ավարտվել: Ամիսը դեռ կես չէր ընկել, սակայն տեղի ունեցած իրադարձությունները բավարար էին նույնիսկ ամբողջ մրցաշրջանի համար: Առջևում երկու եզրափակիչ դեռ կար, հարցականները շատ էին՝ ցանկացած կանխատեսում լուրջ խոցելի:

Կազմակերպչական առումով ամեն ինչ արվել էր օրեր առաջ տեղի ունեցածի կրկնությունը թույլ չտալու համար: Արարատ քաղաքում մթնոլորտը կրկին շիկացած էր ու պայթունավտանգ, սակայն այս անգամ դա ավելի շատ ճնշում էր «Ցեմենտին», քան «Շիրակին»: Հոգեբանական լուրջ ճնշման տակ էին տանտերերը, խնդիրը կրկնակի բարդ էր թվում, մինչդեռ շիրակցիների գործողություններում տարօրինակ հանգստություն կար: Վստահ էին ու կենտրոնացած, առանց որևէ ավելորդությունների հստակ հասկանում էին իրենց անելիքը խաղադաշտում ու գիտակցում ցանկացած հնարավոր սխալի արժեքը: «Շիրակն» այդ օրն անխոցելի ամրոց էր հիշեցնում, որը նախապես կանխում էր մրցակցի կողմից սպառնացող ցանկացած վտանգ: «Ցեմենտն» իրոք անզոր գտնվեց ու այդպես էլ չկարողացավ խոցել Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Վերջինս փայլեց իր հուսալի խաղով, «Ցեմենտի» հետ անցկացրած երկու խաղը լավագույններն էին նրա կարիերայում:

Արդարությունը վերականգնվեց ու չեմպիոնի կոչումը նվաճեց ուժեղագույնը՝ պատմության մեջ երրորդ անգամ հասնելով նման հաջողության: Տառապանքով ձեռք բերված հաղթանակը սակայն չկարողացան անմիջապես խաղադաշտում տոնել: Պետք էր օգնություն ցույց տալ գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանին: Փորձառու մասնագետն ունեցած ապրումներից վատացել էր ու բժիշկների միջամտությունից հետո միայն հաջողվեց նրան ուշքի բերել: Վերջին երկու խաղում շատ էր լարվել ու դա անհետևանք չմնաց, սակայն մարզիչը զգաց, որ թիմ ունի, ունի տղաներ, որոնց հետ նույնիսկ հետախուզության կարող է գնալ:

Վերադարձի ճանապարհին միայն կարողացան թոթափել լարվածությունը, որը կամաց-կամաց տեղը զիջեց հաղթական երգերին ու նմանատիպ իրավիճակներին բնորոշ հումորին, խինդ ու ծիծաղին:

Քաղաք չհասած արդեն Ազատան գյուղի մոտ հոծ բազմություն էր հավաքվել նորընծա չեմպիոններին դիմավորելու: Շարասյուններով, ազդանշաններով մարդիկ  ուղեկցեցին շիրակցիներին մինչև կենտրոնական հրապարակ: Ողջ քաղաքն էր կարծես այնտեղ, բոլորը տոնում էին:  Շենքերի պատուհաններից բոլոր բղավում էին, ողջունում: Շատերն այնքան ցավ ու վիշտ էին տեսել, բայց այդ պահին կարծես ինքնամոռաց տոնում էին: Մի պահ կտրվել էին առօրյա հոգսերից: Հաղթանակը «Շիրակինը» չէր, այլ քաղաքինն էր, գյումրեցունը: Չէ որ «Շիրակը» քաղաքի հույսն էր, ժամանակի լուսավոր մասնիկներից մեկը, ծովի մեկ կաթիլը առանց որի սակայն այն կմահանար թթվածնի պակասից:

Ֆուտբոլային թթվածնի իրենց չափաբաժինն այդ օրը սպառեցին նաև Վչոն ու ընկերները, մինչև լուսաբաց տոնեցին հաջողությունը՝ դատարկելով մի քանի շիշ: Հասցրեցին նույնիսկ որոշել թե ինչպես են օրեր անց՝ դեկտեմբերի 18-ին հասնելու Երևան՝ Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը: Ներքին վստահություն կար որ «Շիրակը» հաղթելու է ու այդպես էլ եղավ: Գյումրեցիները «Հրազդանում» կրկին ծնկի բերեցին «Ցեմենտին»՝ հաստատելով մրցաշրջանի լավագույնի կոչումը: Յուրօրինակ ռևանշի հասան. մեկ տարի առաջ պարտվել էին «Ցեմենտին» սուպերգավաթի խաղարկության խաղում, պարտվել էին նաև մայիս ամսին երկրի գավաթի խաղարկության եզրափակչում:

Փաստորեն երկու պարտությունից հետո «Շիրակը» կարողացավ տարին փակել հաղթական նոտայով՝ ստիպելով լռել շատերին: Մրցաշրջանի ընթացքում եղավ մի ժամանակահատված երբ գտնվեցին մարդիկ որոնք պահանջում էին զրկել կամ միավորներով պատժել «Շիրակին» այն բանից հետո երբ թիմը առաջնության 29-րդ տուրի խաղում 15:5 հաշվով հաղթեց «Գյումրիին»: Այն որ «Շիրակը» հաղթելու է, գրեթե կասկածող չկար, սակայն կասկածի տեղիք է տվել գրանցված հաշիվը, ինչպես նաև այն որ խաղում ութ գոլ է խփել Կոլյա Եփրանոսյանը, ևս վեցը՝ Արտյոմ Բեռնեցյանը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն չեղյալ համարեց հանդիպման արդյունքը՝ գտնելով որ խաղը պայմանավորված է եղել և 3:0 հաշվով հաղթանակ շնորհեց «Շիրակին», թեև կարող էր երկու թիմի հաշվին պարտություն գրանցել, ինչը կզրկեր շիրակցիներին չեմպիոն դառնալու հնարավորությունից, իսկ խաղում ֆուտբոլիստների խփած գոլերը չեղյալ համարվեցին…

Հաբեթ Հարությունյան

wp-apeth