Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 3)

Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 3)

Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 1)

Զավեշտալի դեպքեր Ղուրբանի կյանքից (մաս 2)

ՂՈՒՐԲԱՆԻ ԼԵՎԻ ԳՆԱԼԸ

Կնոջս հետ մեկնեցինք Մինսկ։ Հյուրանոցում տեղավորվելուց հետո, կինս թե. «Հյուրանոցի առաջին հարկում խանութներ կան, իջնեմ ման գալու»։ Կնոջս գնալուց հետո, հեռախոսի զանգ եկավ։ Վերցրեցի լսափողը, անծանոթ մի աղջիկ էր։ Նա թե. «Ես Ձեզ ճանաչում եմ, դուք երգիչ եք»։ Ես միանգամից ասացի, «Այո»։ Հաստատ նա ինձ շփոթել էր մեկի հետ։ Հետո ավելացրեց, թե աղջիկներով 68 սենյակում ենք և քեզ ենք սպասում։ Խոստացա, որ հիմա կգամ և իջա առաջին հարկ, տեսնեմ կինս ինչ է անում։ Տեսա, որ առաջին հարկում գնումներ է կատարում՝ աղացած սև բիբարի հերթ է կանգնած: Սա 70-ական թվականների բան եմ պատմում։ Ուրախացա, ասացի. «Էլմիրա ջան, ասում են սև բիբարից հետո, կարմիր բիբար էլ են վաճառելու, էն էլ կառնես, նոր կգաս»։

Ես անմիջապես բարձրացա, ռեստորանից տուփով շոկոլադ ու շամպայն վերցրեցի և շտապեցի աղջիկների սենյակ։ Ծեծեցի դուռը և մտածում էի, ինչ լեզվով խոսեմ, որ հասկանան, թե հարավսլավիայից եմ, որոշեցի հայերեն էլ խոսել։ Երբ դուռը բացեցի, ես հայերեն բարևեցի, նրանք էլ իրենց լեզվով ռուսերեն պատասխանեցին, սակայն այդ չորս աղջիկներից մեկը իմ բարևին պատասխանեց. «Բառի ձիեզ»։

Թուքս կուլ տվեցի ու կանգնած մնացի։ Նրանք հրավիրեցին ներս ու առաջարկեցին նստել։ Նախ ասեմ, որ չորսն էլ բավականին զարգացած աղջիկներ էին, ինչ խոսում էի հակառակն էր դուրս գալիս և սուտս բռնվում էր։ Հանկարծ աղջիկներից մեկը ինձ հարցրեց, թե Հարավսլավիայի որ քաղաքից եմ: Դե ես էլ Հարավսլավիայում չէի եղել, Լեհաստանում էի եղել, պատասխանեցի, որ «Վռոցլավ» քաղաքից եմ։ Աղջիկներից մեկը անմիջապես ճշտեց, որ դա Լեհաստանի քաղաքներից է, ես ասացի, որ մեզ մոտ էլ կա այդպիսի քաղաք։ Հետո նրանք խնդրեցին, որ անպայման երգեմ, քանի որ ես երգիչ եմ։ Իսկ ես երգել չգիտեմ և ասացի, որ իմ երգերը ձեզ դուր չեն գա, քանի որ ես լիրիկական երգեր եմ երգում։ Նրանք թե. «Մենք շատ ենք սիրում լիրիկական երգեր։

Հիմա յուրաքանչյուրս մի-մի քառյակ կերգենք, հետո դու կերգես»։ Երբ հերթը հասավ ինձ, մտածում էի, ինչ երգեմ, որ և լիրիկական լինի և չզգան, որ հայերեն եմ երգում։ Անմիջապես միտքս ընկավ «Բարի արագիլ» երգը ու սկսեցի երգել, չնայած կյանքիս մեջ երբեք չէի երգել։ Երբ վերջացրեցի, այն նույն աղջիկը, որ կիսատ-պռատ ինձ պատասխանեց. «Բառի ձիեզ», ասաց, թե դա հայերեն երգ է։ Ես մի փոքր շփոթվեցի ու ասացի, մեր երգերը շատ նման են հայերեն երգերին։ Զգալով, որ իրավիճակը բարդանում է, անմիջապես կողմնորոշվեցի ու ասացի. «Ինձ կներեք, ես կարծես արդուկը միացրած եմ թողել, հիմա հետ կգամ», – ու դուրս փախա սենյակից։

Կյանքիս մեջ նման իրավիճակում չէի հայտնվել։ Երբ եկա սենյակ, կինս արդեն սենյակում էր, պատմեցի, որ լևի էի գնացել ու քաշվել եմ։ Նա թե. «Շատ լավ է եղել, քեզ տեղն է»։ Կարծեց, թե կատակ եմ անում, չհավատաց։

ԵՐԿՐԱՇԱՐԺ

1990 թվականին ես, «Հայֆիլմ» կինոստուդիայի անվանի կինոռեժիսոր, ինձ շատ մտերիմ, վաղամեռիկ Ֆրունզե Դովլաթյանը և ֆիլմի տնօրեն Գևորգ Չոբանյանը գործուղումով գտնվում էինք Լոս Անջելեսում։ Այն ժամանակ ես դեռ չէի տեղափոխվել մշտական բնակության, դեռ տուրիստի կարգավիճակում էի։ Բնակվում էինք Գլենդելի հայտնի «Դեյիզին» հյուրանոցում։

Լոս-անջելեսցիները լավ են հիշում այդ տարվա ուժեղ երկրաշարժը։ Երբ սկսվեց երկրաշարժը, հյուրանոցի առաջին հարկում էինք ապրում. ես ու Գևորգը անմիջապես պատուհանից դուրս թռանք: Ինչ արեցինք, Ֆրունզե Վաղինակիչը սենյակից դուրս չեկավ, ասաց. «Վախկոտներ, գնացեք, ես չեմ գա» ու պառկեց քնեց։ Իսկ մենք երկրաշարժ տեսած ու սարսափ ապրած մարդ էինք, վախից ամբողջ գիշեր ներս չեկանք և դուրսը մեր ընկերոջ մեքենայի մեջ անցկացրեցինք։ Երբ լուսացավ, առավոտյան եկանք սենյակ, տեսանք Դովլաթյանը հանգիստ քնել է, իսկ մեր մարմինները ջարդվում էին։ Ֆրունզե Վաղինակիչը մեզ տեսավ ու ասաց. «Դավաճաններ, ուրեմն, եթե երկրաշարժից շենքը փլվեր, ինձ պետք է թողնեիք փլատակների տակ, հա՞»։

Ես ինձ չկորցրեցի, անմիջապես պատասխանեցի. «Վաղինակիչ ջան, մեր անձնագրերն ու ինքնաթիռի տոմսերը սենյակում էին մնացել, պիտի գայի՛՞նք հանելու, քեզ էլ ձեռի հետ կհանեինք, հո չէինք թողնի»։

– Սրիկա, -և դա Ֆրունզե Ղովլաթյանի ամենասիրած խոսքն էր։

wpn-zarhing