COVID-19-ով պառկած հիվանդների 97-98 տոկոսը պատվաստված չի եղել

COVID-19-ով պառկած հիվանդների 97-98 տոկոսը պատվաստված չի եղել

Կորոնավիրուսային վարակի մուտացված տեսակներից «դելտա» հիմնամանրէի տարածման պատճառով Հայաստանում գրանցվել է մահացության և ծանր, ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով COVID-19-ի դեպքերի վերջին տվյալները և տեղեկացնելով, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Հայաստանում գրանցվել է 19 մահ:

«Պիտի ասեմ, որ, օրինակ, երբ անցյալ տարի մենք ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է: Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում»,- նշեց նախարարը՝ հայտնելով, որ այս պահին ունեցած 2 044 մահճակալներից զբաղեցված են 1 860-ը: Միայն 319 վերակենդանացման մահճակալներից, ըստ նախարարի, զբաղված են 289-ը:

Ավանեսյանի խոսքով՝ նկատվող մյուս միտումն այն է, որ հիվանդանոցում COVID-19-ի վարակման պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն եղել կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել:

wp-apeth