Նույն կոտրած տաշտակը՝ 16 տարի անց. «Հայաստանի առաջնությունը՝ Երևանի մենաշնորհ»

Նույն կոտրած տաշտակը՝ 16 տարի անց. «Հայաստանի առաջնությունը՝ Երևանի մենաշնորհ»

16 տարի առաջ, ամփոփելով Հայաստանի հերթական առաջնությունը, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթը լույս տեսավ «Հայաստանի առաջնությունը՝ Երևանի մենաշնորհ» վերտառությամբ հոդվածով: Սուրեն Բաղդասարյանն ու Աշոտ Մարտիրոսյանն այնտեղ խոսում են գրեթե նույն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են հայկական ակումբային ֆուտբոլի առջև՝ առաջնության անցկացման ձևաչափ, թիմերի ու խաղացողների ցուցադրած ցածրորակ ֆուտբոլ, մրցավարություն, մարզային թիմերի պակաս ու այսպես շարունակ: 

Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտին քիչ է մնացել: Մրցանակակիրները դեռ հայտնի չեն: Ընթացքը հուշում է, որ ինտրիգը մրցաշարային աղյուսակի վերջին հատվածում կպահպանվի մինչև վերջին խաղը: Ստորին հատվածում իրավիճակը մի փոքր այլ է: Տասնմեկ տարի անց մրցաշրջանը վերջին տեղում կփակի Գյումրու «Շիրակը»: Տիգրան Դավթյանի սաները հաշվետու տուրում պարտվեցին «Նոային» ու կորցրեցին վերջին հորիզոնականից հեռանալու նույնիսկ աննշան հնարավորությունը: Կմնան գյումրեցիները Բարձրագույն խմբում, թե՝ ոչ, նույնիսկ ընթացիկ առաջնության կանոնակարգը հստակ չի սահմանում:

Բարձրագույն խմբի առաջնությունում մրցաշրջանի արդյունքներով մրցաշարային աղյուսակում վերջին տեղը զբաղեցրած թիմը զրկվում է հաջորդ մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունքից և կարող է մասնակցել միայն հաջորդ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը՝ համապատասխան արտոնագիր ունենալու պարագայում:

Ըստ կանոնակարգի՝ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը կարող էին մասնակցել 10 թիմ: Մրցաշրջանի ընթացքում մրցելույթները դադարեցրեց «Գանձասարն» ու դուրս եկավ պայքարից: Թիմը չէր հասցրել անցկացնել խաղերի կեսից ավելին, հետևաբար նրա արդյունքները զրոյացվեցին: Ավելի ուշ առաջնությունից դուրս գալու մասին հայտարարեց «Լոռին»: Վանաձորցիներն, ի տարբերություն կապանցիների, անցկացրել էին խաղերի հիսուն տոկոսից ավելին: «Լոռիի» անունը մնաց մրցաշարային աղյուսակում, իսկ մնացած խաղերում տեխնիկական հաղթանակներ շնորհվեցին մրցակիցներին:

Այն թիմերը, որոնք սեփական նախաձեռնությամբ հրաժարվել են Բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից, ապա հաջորդ մրցաշրջանում կարող են մասնակցել միայն Առաջին խմբի առաջնությանը:

Առաջնությունը սկսվեց 10 թիմով, կավարտվի փաստացի 9 (8) թիմով: Մրցաշարային աղյուսակում այս պահին նշված է 9 թիմ, վերջին տեղում «Շիրակն» է, իսկ թե որ թիմը կզբաղեցնի նախավերջին 8-րդ տեղը, ցույց կտա ժամանակը: Այս պահին գլխավոր թեկնածուներն են «Փյունիկը», «Վանը» և «Լոռին»:

Անցումային փուլում միմյանց դեմ մրցում են տվյալ մրցաշրջանի արդյունքներով Բարձրագույն խմբի առաջնությունում նախավերջին և Առաջին խմբի առաջնությունում երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը։ Անցումային փուլը անցկացվում է մեկ խաղով։

Ընթացիկ առաջնության կանոնակարգը սահմանում է, որ Բարձրագույն խումբը կարող են լքել առավելագույնն երկու թիմ` վերջին տեղի թիմն ու այն թիմը, որը կպարտվի անցումային խաղում: Նույն կանոնակարգը սահմանում է, որ ինքնակամ առաջնությունից հրաժարված թիմերը չեն կարող գալիք մրցաշրջանում մասնակցել Բարձրագույն խմբի առաջնությանը: Ասել է, թե նույնիսկ ցանկության դեպքում նույն «Լոռին», եթե զբաղեցնի նախավերջին տեղը, չի կարողանա մասնակցել անցումային խաղին: Ստացվում է՝ արդեն երկու թիմ դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից՝ ի դեմս «Գանձասարի» ու «Լոռիի», հետևաբար մնացած թիմերին ոչինչ չի սպառնում:

Բարձրագույն խմբի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի պահանջների համաձայն Ազգային արտոնագիր ստացած և մարզական առումով համապատասխան որակավորում ունեցող ակումբների առաջին թիմերը:

Վերը նշվածը հուշում է, որ եթե մնացած ութ թիմը ստանան ազգային արտոնագիր և ունենան մարզական առումով համապատասխան որակավորում, ապա կշարունակեն մրցելույթները Բարձրագույն խմբում, իսկ նրանց կարող են միանալ ոչ դուստր թիմերը՝ կապված որոշումից, թե քանի թիմ է մասնակցելու Հայաստանի գալիք առաջնությանը: Այստեղ կարևոր է նշել, որ Առաջին խմբից բարձրացող թիմերն ևս պետք է ստանան ազգային արտոնագիր և ունենան մարզական առումով համապատասխան որակավորում:

  • «Շիրակը» կմնա, թե կլքի Բարձրագույն խումբը

Մյուս կողմից հստակ սահմանված է, որ առաջնությունում վերջին տեղ զբաղեցրած թիմը դուրս է մնում Բարձրագույն խմբից: Նշված չէ, որ թիմը դուրս չի մնա, եթե մրցաշրջանի ընթացքում լինի թիմ կամ լինեն թիմեր, որոնք այս կամ այն պատճառով դուրս կմնան առաջնությունից, հետևաբար պետք է արձանագրել. այս պահի դրությամբ «Շիրակը» դուրս է մնացել Բարձրագույն խմբից, իսկ անցումային խաղի հնարավոր մասնակիցը դեռ հայտնի չէ:

  • Չեղած մրցակցություն

Այս ընթացքում խոսվում է նաև այն մասին, որ անկախ ամեն ինչից «Շիրակն» ինքն է հրաժարվելու Բարձրագույն խմբին մասնակցելուց: Սա այս պահին խոսակցությունների մակարդակում է և քանի դեռ չկա պաշտոնական որևէ հայտարարություն, ապա հարցը թողնենք հետագայի: Խոսվում է նաև այն մասին, որ ֆեդերացիան մտադիր է Բարձրագույն խմբի թիմերի թիվն ավելացնել: Եթե դա այդպես է, ապա ինչ իմաստ ունի կանոնակարգում ներառել դուրս մնալու ու անցումային խաղի կետերը, այն էլ լուծարվող ու առաջնությունից հրաժարվող թիմերի առկայության ֆոնին: Որպես կանոն դա արվում է մրցակցություն ստեղծելու համար, սակայն իրականում կարելի է փաստել՝ չի գործում: Կգործի՞ հիմա, ցույց կտա ընթացքը:

  • «Շիրակն» արդեն անցել է նմանատիպ ճանապարհ

2005 թվականի Հայաստանի առաջնությունը մեկնարկեց 9 թիմով, սակայն ընթացքում 12 հանդիպում անցկացրած «Լեռնային Արցախը» դադարեցրեց մրցելույթներն ու դուրս եկավ առաջնությունից: Ըստ գործող կանոնակարգի վերջին տեղի թիմը պետք է անցումային խաղում մրցեր Առաջին խմբում ոչ դուստր թիմ համարվող ամենաբարձր տեղ զբաղեցրած թիմի հետ: Մրցաշրջանի արդունքներով վերջին տեղը զբաղեցրեց «Շիրակը» ու, անկախ այն հանգամանքից, որ ընթացքում առաջնության մասնակից թիմերի թիվը կրճատվել էր մեկով, անցումային խաղ անցկացրեց Առաջին խմբում ոչ դուստր թիմ համարվող ամենաբարձր տեղ զբաղեցրած թիմի՝ «Գանձասարի» հետ: Որոշիչ խաղում հաղթեցին շիրակցիները 5:1 հաշվով և պահպանեցին իրենց տեղը Բարձրագույն խմբում: Ի դեպ, հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն ստացավ նաև «Գանձասարը», որին միացավ նաև նորաստեղծ «Ուլիսը»: 2006 թվականի առաջնությունն անցկացվեց 8 թիմով: Վերջիններս փոխարինեցին «Էսթեղլալ-Կոտայքին» ու «Դինամո-Զենիթին»:

  • Մարզային ֆուտբոլ, որը կա ու չկա

Եթե ֆեդերացիան չգնա թեկուզ նույն 2005 թվականի սցենարով ու համարի, որ «Շիրակը» դուրս է մնում, իսկ անցումային խաղում է որոշվելու «երջանիկներից» մեկը, ապա գալիք առաջնությունում չեն լինի Գյումրու, Վանաձորի ու Կապանի թիմերը: Եթե ֆեդերացիան գնա նույն 2005 թվականի սցենարով, ապա պետք է հնարավորություն տա թիմերին, որոնք ցանկանում են ու ունեն համապատասխան որակավորում Բարձրագույն խմբում խաղալու համար: Սա առնվազն հուշում է՝ լուրջ քայլ մրցակցություն ապահովելու ու այն պահպանելու համար վերջին 16 տարում չի արվել, իսկ այս ընթացքում արված ու արվող քայլերն արհեստական են ու ոչ արդյունավետ: 16 տարի առաջ գործեց կանոնակարգը, բայց իրականությունը հուշեց, որ դեռ վաղ է այն կիրառելը կամ դրան դեռ չենք հասել: 16 տարի անց իրականությունը հուշում է, որ դեռ վաղ է նման կանոններ սահմանելը: Դրան հասնելու համար ճիշտ հետևություններ պետք է արվեն: Տրամաբանական որոշումների լուրջ պակաս կա, իսկ թուղթ սևացնելու ու բաժակաճառերով հարուստ միջոցառումների պակաս կարծես չկա:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth