Ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով

Ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար, առկա ուսուցմամբ հատկացվել է 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 101 տեղ հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ թվում` 40 տեղ արտերկրի ուսումնական հաստատություններում սովորելու համար: Մագիստրոսական 30 տեղ հատկացվել է Արցախի դիմորդներին, մնացած տեղերը բաշխվել են Հայաստանի Հանրապետությունում գործող միջպետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Կառավարման ակադեմիայի և միջպետական ծրագրերով ՀՀ-ում սովորող օտարերկրացիների միջև: Նախատեսվել է նաև 9 անվճար պահուստային տեղ:

Տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային գիտություններին, ֆիզիկայի, կենսաբանության, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով. «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և այլն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth