Հարգանքի տուրք՝ Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը և Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը: Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, զրուցել Եռաբլուր այցելած՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ ապրիլի 2-ին Եռաբլուր պանթեոն են այցելել նաև բարձրագույն սպայակազմը:

«Այսօր ողբում ենք ու հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր, կատարելով իրենց առջև դրված խնդիրը, նահատակվեցին հանուն Հայրենիքի թե 2016 թվականի քառօրյա, թե վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, ապա վերջին 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար: Մենք կարող էինք Արցախն ամբողջությամբ կորցնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արտակ Դավթյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 զինծառայող: 

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth