Այսօր Ավագ երկուշաբթին է

Այսօր Ավագ երկուշաբթին է

Ծաղկազարդի կիրակիով (այս տարի՝ մարտի 28) սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։

Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է  Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:

Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:

Ավագ երկուշաբթի

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth