Վերջին օրերին Հայաստանում արձանագրվում է կորոնավիրուսի թվերի որոշակի աճ

Վերջին օրերին Հայաստանում արձանագրվում է կորոնավիրուսի թվերի որոշակի աճ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ. երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե մենք հունվար, փետրվար ամիսների սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, և մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ Մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողությունն պետք է իրականացվի: Եվ անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը: Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը: Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթաց»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված: Ի պատասխան նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա գործընթացների, բայց մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»:

Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ ևս կարևորել է դիմակների կրումը և նշել. «Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաև մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե մարդիկ վարակվել և լավացել են, ապա ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք ապացուցված որևէ գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել և առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth