Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու հանձնառությունը

Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու հանձնառությունը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը:

Տիկին նախագահ,

Տիկին Բարձր Հանձնակատար,

Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։

Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը և իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին:

Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված և կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը և այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի և նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն և ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձևի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ և կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսևորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը և բռնության հրահրումը և դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը և անցյալի հանցագործությունների ժխտումը։

COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։

Տիկին նախագահ,

Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը և, հետևաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։

Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44֊օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ:

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարևոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։

Տիկին նախագահ,

Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ  որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն:

Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում:

Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից:

Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական ​​պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին:

Ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում:

Տիկին նախագահ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաև ներդրել են  իրենց դիվանագիտական ​​և քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար:

Արցախի ժողովրդի արդարության և խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների և բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի:

Շնորհակալություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth