Արցախյան շարժում — 33

Արցախյան շարժում — 33

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

«Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած: Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ:

Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»,- նշել է Հարությունյանը:

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր, Արցախի վերածնման օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին: Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի պայքարի, ուժի ու կամքի խորհրդանիշն է:

33 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, Արցախի պատմության մեջ բախտորոշ տարեթիվ է: Համաժողովրդական շարժումն իր մեջ ամփոփում է հաղթանակներ ու ձեռքբերումներ, խորհրդանշում մեր անկոտրուն կամքը, երկրի վերածնունդը՝ անցյալն ու ներկան շաղկապող գաղափարներով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth