Զինամթերքի հայտնաբերման 68 դեպք. շաբաթվա ամփոփում

Զինամթերքի հայտնաբերման 68 դեպք. շաբաթվա ամփոփում

2021 թվականի հունվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 895 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հրդեհների դեպքերը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով նախորդ 7 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 կանչ է ստացել: ՃՏՊ հետեւանքով տուժել է 4 քաղաքացի, մեկը՝ զոհվել:

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբին հաջողվել է տուժած քաղաքացիներին հանել 80 մետր խորություն ունեցող ձորից եւ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց վիճակը կայուն է:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 9 դեպք, որից 4-ը բնակելի շինությունում, մյուսները՝ սոցիալ-կենցաղային նշանակության շինություններում, կամ բաց տարածքներում: Հրշեջ-փրկարարները ժամանակին մարել են հրդեհները: Տուժածներ չկան:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրվա ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ 68 կանչ է ստացել: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործին են կցվել նաեւ «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը», «Hello Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, Ռուսաստանի ՊՆ սակրավորական ջոկատները:

Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 46-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում եւ այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաեւ խորհրդատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատները Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 24-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր՝ 1283 աճյուն:

Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հումանիտար աշխատանքներում իրենց լավագույնս դրսեւորած մի խումբ փրկարարներ նախորդ շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով արժանացել են գերատեսչական պարգեւների:

ԱԻ պետական ծառայությունը շարունակում է գործառույթը ուժեղացված ռեժիմով, քանի դեռ Արցախում «ռազմական դրություն» է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth