Ադրբեջանցիները 30 զինծառայողների աճյուն են փոխանցել հայկական կողմին
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հունվարի 23-ին որոնողական աշխատանքներ են իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիսի շրջաններում: Աշխատանքների արդյունքում վերադարձվել է ևս 30 զինծառայողի աճյուն, որոնք ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:
«2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/Վարանդայի/Ֆիզուլի/ և Հադրութի շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti