Շտապօգնության ծառայությունն անցյալ տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ
Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր, իրականացրել ենք 8071 կանչով պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց է տեղափոխվել 3 911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին»,- նշեց Ստեփանյանը:
Անդրադառնալով կանչերի բնույթին՝ նա ընդգծեց, որ առաջին տեղում շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը, ինչպես նաև սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները:
«Մենք անցյալ տարի 4 068 կանչով պակաս ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»,- ասել է Ստեփանյանը։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti